Օգնության ձեռք

Հոգեբանական աջակցություն Արցախից տեղահանված մայրերին և երեխաներին 


Պատերազմական տրավման զինված հակամարտության անտեսանելի չարիքն է, որի ազդեցությունն անցնում է պատերազմի դաշտն ու ներթափանցում տներ ու համայնքներ։ Վախի ու հուսահատության զգացումն հաճախ է պատում պատերազմի հետևանքներն իրենց մաշկի վրա զգացած անհատներին, ովքեր, այն խեղդելով իրենց ներսում, փորձում են առաջ շարժվել։ Անշուշտ, դրանից անմասն չի մնացել արցախահայությունը։ 

Անցած երեք տասնամյակների ընթացքում նրանց խաղաղ գոյությունը հաճախ խաթարվել է պատերազմներով, սահմանին լարվածության պարբերական սրմամբ, իսկ այդ ամենի հանգուցալուծումը եղավ իննամսյա շրջափակումն ու իրենց տներից ավելի քան 100,000 անձի բռնի տեղահանումը։ 

Նկար
Արցախցի մայրերին ներկայացնում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրվող վերապատրաստման ևաջակցության հնարավորություններին: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Արցախցի մայրերին ներկայացնում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրվող վերապատրաստման ևաջակցության հնարավորություններին: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։
Caption
Արցախցի մայրերին ներկայացնում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրվող վերապատրաստման ևաջակցության հնարավորություններին: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Տևական գերլարվածության ու սթրեսի, ոմանց համար տան, հողի ու ընտանիքի անդամի կորստի ցավն ու հիշողությունները վստահաբար կեղեքում են շատերի սրտերն ու զրկում հոգեկան հանգստությունից՝ հակառակ այն թյուր տպավորության, թե շատերն արդեն անցել են բնականոն կյանքի։ 

Ամենախոցելի խումբը՝ երեխաները, փորձում են սփոփանք ու մխիթարություն գտնել ծնողների գրկում՝ հատկապես մայրերի։ Մինչդեռ դա ահռելի պատասխանատվություն է դնում վերջիններիս ուսերին, քանի որ շատ հաճախ ստիպված են լինում իրենց զգացմունքները երկրորդ պլան մղել և փոխարենը ցուցաբերել ուժ ու տոկունություն։ 

Այս մարտահրավերներին ի պատասխան՝ ՀԲԸՄ «Նաիրի» ամառային ընտանեկան ճամբարը հնարավորություն ընձեռեց 6-14 տարեկան երեխաներին և նրանց մայրերին մասնակցելու հանգստյան օրերին կազմակերպվող հանդիպումներին՝ օգնելու նրանց ինքնաարտահայտվել և համապարփակ հոգեբանական խորհրդատվություն ստանալ: Հանդիպումներն անցկացվում էին բարեգործական հիմունքներով՝ ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի շրջանակներում, որը հիմնադրվել է 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ օգնելու պատերազմի ժամանակ ընտանիքի անդամ կորցրած երեխաներին հաղթահարել կորստի տրավման։

2024 թվականի փետրվարից հունիս ամիսների ընթացքում Ծաղկաձորում անցկացված յոթ հանդիպումների ընթացքում ճամբարը հյուրընկալեց մոտ 700 մայրերի և ավելի քան 1,200 երեխայի: Հանդիպումների ժամանակ մասնակիցների հետ աշխատեցին մի շարք պրոֆեսիոնալ հոգեբաններ, ովքեր, փորձված մեթոդներով ու մոտեցումներով, օգնեցին մասնակիցներին վերգտնել ուժ ու կորով։ 

Նկար
Ճամբարի երեխաները շաշկի են խաղում: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Ճամբարի երեխաները շաշկի են խաղում: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։
Caption
Ճամբարի երեխաները շաշկի են խաղում: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Մանկական թերապիաներ 

Ինտենսիվ թերապիայի դասընթացները նախատեսված էին չորս տարբեր տարիքային խմբերի երեխաների համար՝ ակտիվացնելու նրանց ներքին ռեսուրսները և զարգացնելու հաղորդակցման հմտությունները՝ միմյանց հետ կիսվելու, խմբային աշխատանքների, ինչպես նաև երաժշտական և արտ-թերապիաների միջոցով։ 

Մանկական հոգեբան Անի Ենգիբարյանը, աշխատելով տուժած երեխաների հետ, փորձել է վեր հանել նրանց հուզական վայրիվերումները։ Նա ընդգծում է երեխաների վարքագծային նշաններինուշադրություն դարձնելու կարևորությունը համապատասխան միջամտություններ կատարելու ընթացքում։ «Երեխաներից ոմանք գերակտիվ էին, մյուսները՝ հակառակը, հրաժարվում էին սոցիալական շփումից, կոնֆլիկտներ ստեղծում կամ լռում՝ նախընտրելով մեկուսանալ»: Հոգեբանը նշում է, որ այս դրսևորումները խոսում են նրանց ապրումների և երեխաների արձագանքի ձևի մասին։

Երբ արտ-թերապիայի ժամանակ հանձնարարվում էր թղթի վրա նկարել իրենց համար թանկ մի բան, երեխաները հաճախ պատկերում էին Արցախի հետ կապված ինչ-որ իր, վայր կամ հուշ։ Առավել հաճախ դրանք լինում էին երեխայի հայրենի քաղաքը կամ գյուղը, կամ, օրինակ, «Դեդո-բաբո»-ի արձանը (Մենք ենք մեր սարերը): «Երբ հարցնում ենք, թե ինչ են սիրում, նրանք անմիջապես կարողանում են պատասխանել, բայց հաճախ դժվարանում են ասել, թե ինչ չեն սիրում։ Սկսում են երկար մտածել, հետո հապաղելով ասում են՝ «աղմուկը», «երբ կրակում են», կամ «ապաստարանում լինելը»»,- պատմում է կլինիկական հոգեբան Գայանե Խաչատրյանը (Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն)՝ հավելելով, որ հատկապես 13-14 տարեկանների միտքն այնքան է սևեռված իրենց կորստի վրա, որ ակամայից սկսում են անտեսել մյուսների խնդիրները ու հաճախ հռետորական հարց տալիս. «Կա՞ ավելի մեծ դժվարություն, քան սեփական հայրենիքը կորցնելը»:

Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է նրանց տրավման ստվերի տակ թողնում իրենց մյուս դերերը կյանքում։ Ի պատասխան՝ մասնագետներն աշխատել են վերականգնել նրանց անձի ամբողջականությունը և բարձրացնել ինքնագնահատականը:

Նկար
Արտ-թերապիայի ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին վերաբերող պատկերներ, ինչպես օրինակ՝ «Մենք ենք մեր սարերը» խորհրդանշական հուշարձանը: Լուսանկարը՝ Մեդիամաքսի։

Արտ-թերապիայի ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին վերաբերող պատկերներ, ինչպես օրինակ՝ «Մենք ենք մեր սարերը» խորհրդանշական հուշարձանը: Լուսանկարը՝ Մեդիամաքսի։
Caption
Արտ-թերապիայի ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին վերաբերող պատկերներ, ինչպես օրինակ՝ «Մենք ենք մեր սարերը» խորհրդանշական հուշարձանը: Լուսանկարը՝ Մեդիամաքսի։

Անկասկած, նման տրավմաները կարող են փոխկապակցված լինել այլ խնդիրների հետ, որոնք բխում են երեխաներին փոխանցված սոցիալական կարծրատիպերից կամ մեծերի պատմած պատմություններից: Ավելի մեծ տարիքային խմբի տղաները հաճախ մեղքի զգացումով են լցված լինում, որ չեն կարողացել պաշտպանել իրենց հայրենիքը: Հոգեբանները նշում են, որ որոշակի տեխնիկաների կիրառմամբ օգնել են նրանց ազատվել նման զգացմունքներից։

Մեկ այլ սոցիալական կարծրատիպ, որին անդրադարձել են, հենց հոգեբանի դերն է: Հայաստանում հոգեբանական օգնության դիմելը համեմատաբար նոր պրակտիկա է, և այս նախաձեռնությունը նաև հիմք հանդիսացավ հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ծանոթացնելու այդ փորձառությանը: Խաչատրյանը նշում է. «Սկզբում շատ երեխաներ թերապիաներին գալիս էին քաղաքավարությունից դրդված՝ ասելով, որ իրենք «գիժ» չեն, որ հոգեբույժի դիմեն։ Սակայն երկու մասնագիտություններին ծանոթանալուց հետո նրանք սկսեցին հասկանալ տարբերություններն ու աստիճանաբար արտահայտվել»։

Ընդհանուր առմամբ, և՛ մայրերը, և՛ մասնագետները հաստատում են, որ երեխաների վերականգնման ճանապարհին թերապիայի դերն առանցքային է: «Տղաս շատ չարաճճի է»,- հանդիպումներից մեկի ժամանակ նշեց մայրերից մեկը,- «ես վախենում էի, որ մեզ ճամբարից հենց առաջին օրը հետ կուղարկեն նրա պահվածքի պատճառով, բայց ինչ հասել ենք, իրեն շատ լավ է պահում, ու զգում եմ՝ հիանալի ժամանակ է անցկացնում: Մեկ-մեկ վազելով գալիս է մոտս, բութ մատով ցույց տալիս, որ իրեն շատ է դուր գալիս»։

Հոգեբանները նշեցին նաև մի քանի դրական արդյունքներ, որ անմիջապես նկատելի էին: «Արտ-թերապիայի ժամանակ մենք սովորաբար հարցնում էինք, թե ինչ կցանկանային անել իրենց նկարների հետ: Նրանցից շատերը անտեսում կամ կողք էին շպրտում դրանք, ինչը հուշում էր անզորության զգացումի մասին: Հետևաբար, մենք ամենաանտեսված նկարները պատին փակցրինք, ու շուտով երեխաները սկսեցին մոտենալ, նորից նայել իրենց գործերին, ոմանք նույնիսկ խնդրեցին վերցնել իրենց նկարներն ու տարան սենյակ։ Սա ցույց տվեց, որ իրենց արժեհամակարգում ընկալման փոփոխություններ տեղի ունեցան»,- նշում է Ենգիբարյանը։ 

Նկար
Արտ-թերապիայի դասընթացների ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին առնչվող պատկերներ՝ որպես իրենց համար աշխարհում ամենաթանկ արժեքներից մեկը: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Արտ-թերապիայի դասընթացների ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին առնչվող պատկերներ՝ որպես իրենց համար աշխարհում ամենաթանկ արժեքներից մեկը: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։
Caption
Արտ-թերապիայի դասընթացների ժամանակ երեխաները հաճախ նկարում էին Արցախին առնչվող պատկերներ՝ որպես իրենց համար աշխարհում ամենաթանկ արժեքներից մեկը: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Օգնություն մայրերին

Ճամբարում մասնակիցներից մի քանիսը դիպուկ նշեցին, որ ընտանիքում հայ կանայք հաճախ ստանձնում են լսողի դերը և անտեսում լսված ու հասկացված լինելու իրենց կարիքները։ Մայրերից մեկը նշեց. «44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, որ ես ժամանակ հատկացրի ինքս ինձ և կարողացա մտածել մոր և կնոջ դերերից դուրս ինձ անհանգստացնող հարցերի շուրջ»։

Ստեփանակերտից մեկ այլ մասնակից, ով այժմ հաստատվել է Արարատի մարզում, ասաց, որ անձնական պատմությունները միմյանց հետ կիսելը հոգևոր կապ ստեղծեց մասնակիցների միջև և օգնեց ազատվել ծանր ապրումներից: «Մենք հասկացանք, որ բոլորիս ցավը տարբեր է։ Մեկինն ավելի ուժեղ է, մյուսինն՝ ավելի թույլ։ Ու, երբ տեսնում էինք, որ մեզնից ավելի ծանր վիճակում գտնվողներն իրենց ուժեղ էին զգում, մենք դրանից ոգեշնչվում էինք»։

Նկար
Արցախցի մայրերը` արտ-թերապիայի ժամանակ: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Արցախցի մայրերը` արտ-թերապիայի ժամանակ: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։
Caption
Արցախցի մայրերը` արտ-թերապիայի ժամանակ: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Բացի այդ՝ ներքին ռեսուրսների ակտիվացումը մասնակիցներին օգնեց ճանաչել սեփական ներուժն ու կարողությունները և վերականգնել ինքնավստահությունը։ Ինչպես նշում է հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը (Հայ հոգևոր վերականգնման հիմնադրամ), ռեսուրսների ակտիվացումը շատերի համար բացահայտում էր։ Հաճախ ասում էին, որ իրենք էլ չգիտեին, որ այդքան ներքին ռեսուրս ու ուժ ունեն:

44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, որ ես ժամանակ հատկացրի ինքս ինձ և կարողացա մտածել մոր և կնոջ դերերից դուրս ինձ անհանգստացնող հարցերի շուրջ։

Մայրերի համար նախատեսված հանդիպումներն հիմնականում լիցքաթափման ծրագրեր էին։ Թեև ֆորմատն ի սկզբանե նախատեսված չէր ինտենսիվ հոգեբանական թերապիաների համար, թե՛ մասնակիցները, թե՛ հոգեբաններն ընդգծեցին, որ հոգեբանական խորը վերլուծության, անհատական մոտեցման և ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտությունն ակնհայտ է: 

Ստեփանակերտից Մարիամ Սաֆարյանը մասնավորապես նշեց. «Տեղահանումից հետո շատ ծնողներ խնդիրներ են ունենում երեխաների հետ շփվելու հարցում։ Կարծես թակարդում լինեն ու չիմանան, թե ինչպես վարվել սեփական զգացմունքների հետ, որպեսզի դրանք չազդեն երեխաների վրա։ Ժամանակի սղության պատճառով կարողացանք աշխատել միայն սեփական հույզերի մասով, ու կարծես թե այդ բաղադրիչը բաց մնաց։ Այնուամենայնիվ, ինքնաընկալման և ինքնագնահատականի բարձրացման տեսանկյունից, այս հանդիպումները մեր համայնքի կանանց կողմից մեծ գնահատանքի արժանացան»:

Անշուշտ, ընդամենը երկու օր տևած հանդիպումները բավարար չեն Արցախից տեղահանված մայրերի խորը վերքերը բուժելու համար։ Ցավոք, այդ ճանապարհը երկար ու խրթին է։ Սակայն, շատ հաճախ առաջ շարժվելու համար ընդամենը մի կայծ է պետք, ու կարծես շատերի համար ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարն այդ առաջին կարևոր քայլը դարձավ:

Նկար
Հայկական գլխազարդերի պատրաստման գործնական աշխատանք մայրերի հետ։ Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Հայկական գլխազարդերի պատրաստման գործնական աշխատանք մայրերի հետ։ Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։
Caption
Հայկական գլխազարդերի պատրաստման գործնական աշխատանք մայրերի հետ։ Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of ՀԲԸՄ ամսագիր. end character

About the ՀԲԸՄ ամսագիր

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։