Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման մասին լուրը լսելուց անմիջապես հետո Բեռլինում բնակվող ռուս ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովը առաջին իսկ չվերթով ժամանեց Երևան՝ լուսաբանելու ճգնաժամը։ Կրեստյանինովը հիմնականում աշխատում է Նյու Յորքի Associated Press լրատվական գործակալության համար: AGBU Magazine-ին տված հարցազրույցում ֆոտոլրագրողը պատասխանեց մի շարք հարցերի և իր տեսակետն արտահայտեց 2023 թ.-ի սեպտեմբերին Գորիսում և Կոռնիձորում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հ. Վասիլի, մենք կցանկանայինք իմանալ, թե ինչը Ձեզ դրդեց գալ Հայաստան և լուսաբանել 2023 թվականի սեպտեմբերի տխրահռչակ իրադարձությունները:
Պ. Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն ինձ համար յուրահատուկ և հոգեհարազատ վայր է դարձել: Այն բանից հետո, երբ Անվտանգության դաշնային ծառայությունների (ԱԴԾ) սպառնալիքի տակ ստիպված եղա լքել Ռուսաստանը, իսկ հետո նույն պատճառով նաև Վրաստանը, Հայաստանն ինձ համար տուն դարձավ։ Ինքս հայրենիք կորցնելով և Հայաստանում հաստատվելով` սկսեցի հետևել այնտեղ տիրող իրավիճակին։
Բացի մասնագիտական հետաքրքրությունից` Հայաստանում ապրածս վեց ամիսների ընթացքում զգացել եմ մարդկանց կարեկցանքն ու ըմբռնումն իմ հանդեպ։ Այն ընթացքում, երբ Գերմանիայից սպասում էի մարդասիրական վիզա ստանալուն, ձեռք բերեցի շատ հայ ընկերներ։ Այնպես որ, ես ինձ պարտավորված եմ զգում լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և դրանք կիսել աշխարհի հետ՝ հույս ունենալով, որ դրանք կնպաստեն որևէ փոփոխության: Պետք է նշեմ նաև, որ շատ լավ եմ հասկանում հայերին, քանի որ ես ինքս տուն եմ կորցրել ու ես էլ անարդարության զոհ եմ։
Հետևաբար, 2022 թվականից սկսել եմ լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մասնավորապես, երբ ադրբեջանական կողմը կրակ բացեց Սևանա լճի տարածքում և հայկական կողմը զոհեր տվեց, ես շտապեցի այնտեղ՝ իրավիճակը լուսաբանելու։ Հենց այդ ընթացքում էր նաև, որ Սևանա լճի մերձակայքում գտնվող Սոթք գյուղի խաղաղ հայ բնակիչները կորցրին իրենց տները ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Դրանից հետո ես գնացի Գերմանիա, իսկ հետո արդեն վերադարձա 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ։
Հ. Ի՞նչ էր կատարվում Կոռնիձորում այն օրը, երբ լուսանկարեցիք Լիլիթին իր չորս երեխաների հետ:
Պ. Սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածն էր: Այդ օրերին իրավիճակը քիչ թե շատ նույնն էր: Արցախցի առաջին 30 փախստականներին հանդիպեցի Գորիսի հյուրանոցներից մեկում։ Հետո գնացի Կոռնիձոր։ 26-ի երեկոյան ժամը 9-ի սահմաններում լուսանկարեցի Լիլիթին։
Կոռնիձորում շատ մարդիկ՝ մասնավորապես կանայք ու երեխաներ, փորձում էին ոտքով հասնել Կարմիր խաչ, քանի որ այն մեքենաները, որոնցով ժամանել էին, վառելիք չունեին և չէին կարողանում հասնել հումանիտար ճամբարներ։ Այդ պատճառով էր այդ կինը քայլում փախստականների միջով, իսկ շարասյունում մեքենաների թիվը հասնում էր հազարների։
Հատկապես տպավորվել են երեխաները, ովքեր եկել էին մի փոքրիկ ուսապարկ ու ընդամենը մեկ խաղալիք ձեռքներին, քանի որ տեղ չէին ունեցել շատ իրեր վերցնելու: Թվում էր՝ մարդիկ իրենց ողջ կյանքը փորձել էին տեղավորել այդ փոքր մեքենայում։ Տարիքով մարդկանցից ոմանք, սեփական մեքենա չունենալու պատճառով, մնացել էին իրենց ընկերների ու հարևանների հույսին ու հետները վերցրել ընդամենը մեկ պայուսակ:
Այս ամենի պատճառով մարդիկ ուժասպառ էին, մեծ մասը՝ արտասվախառն աչքերով։ Դա ամենասարսափելի տեսարաններից էր, որին երբևէ ականատես եմ եղել։ Այդ բազմահազարանոց մարդկանց շարքում բոլորը գիտակցում էին, որ ոչինչ փոխել հնարավոր չէ. դա պարզապես «միակողմանի տոմս» է, և նրանք ետ չեն վերադառնալու:
Հ. Դուք գիտեի՞ք, որ այս լուսանկարը տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներով, և եթե այո, ի՞նչ արձագանքներ եք ստացել:
Պ. Իրականում, ես գաղափար անգամ չունեի, մինչև ինձ հետ ձեր կապ հաստատելը: Ընդհակառակը, Հայաստանի մասին ռեպորտաժներ պատրաստելու իմ փորձից ես նկատում եմ, որ լրատվամիջոցներն ավելի քիչ ուշադրություն են դարձնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող լարվածությանը՝ քան օրինակ՝ Իսրայելի ու Գազայի կամ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ընթացող պատերազմներին։ Բայց որպես ֆոտոլրագրող ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի լրատվամիջոցները հնարավորինս շատ լուսաբանեն այս հակամարտությունը, քանի որ, երբ լրատվամիջոցները մարդկանց չեն տեղեկացնում, թե ինչ է կատարվում աշխարհում, դա նպաստում է հակամարտության շարունակությանը։
Ահա թե ինչու է Ալիևն այժմ ավելին ուզում։ Չմոռանանք, որ մինչև 2024 թվականն Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից արդեն իսկ օկուպացրել էր շուրջ 200 քառակուսի կիլոմետր, և ես ենթադրում եմ, որ դա կշարունակվի։ Զարմանալի է, որ լրատվամիջոցներում այս մասին շատ քիչ է լուսաբանվում: Հայերին մարդասիրական վիզաներ չեն տրամադրում, Հայաստանին ֆինանսական աջակցություն գրեթե չի տրամադրվում։ Միայն Ֆրանսիայից է պաշտպանական ու ռազմական օգնություն հատկացվել, բայց դա բավարար չէ։ Ադրբեջանին աջակցում է Թուրքիան: Մենք պետք է պատրաստ լինենք լարվածության աճին, քանի որ Ադրբեջանը պատմականորեն ցույց է տվել Հայաստանի մեծ մասը գրավելու իր միտումները։
Հարցազրույցն անցկացվել է 2024 թվականի հունվարի 30-ին։