Հայկական օազիս

Թուրքիայի հայաբնակ Քընալը կղզին ու այնտեղի հայկական ինքնությունը


2007 թվականին Հրանտ Դինքի սպանությունը Ստամբուլում՝ «Ակօս» պարբերականի գրասենյակի մոտ, ցնցեց ողջ երկիրը, և Թուրքիայում խոսքի ազատության ճնշումն, ու հայերի նկատմամբ շարունակական խտրականությունը մատնացույց անելու նոր ալիք բարձրացավ։ Դինքի հուղարկավորության ժամանակ ավելի քան 100,000 մարդ, «Մենք բոլորս հայ ենք» գրությամբ ցուցանակները ձեռքներին, երթի դուրս եկան Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ բողոքի ձայն բարձրացնելու ընդդեմ Դինքի անօրեն սպանության։ Համերաշխության և տագնապի այս պահը ստիպեց աշխարհասփյուռ հայերին կասկածի տակ դնել Թուրքիայում ապրող հայերի անվտանգությունը, քանի որ, կարծես թե, նորից գլուխ էին բարձրացնում ծայրահեղ ազգայնականությունն ու հակահայկական տրամադրությունները:

Թուրքիայում բնակվող հայերի համար մեկ ապահով անկյուն իրապես գոյություն ունի։ Դա Ստամբուլին մոտ գտնվող Քընալը կղզին է: Դինքն իր կյանքի շատ ամառներ է անցկացրել այս կղզում՝ Մարմարա ծովի ափին: 2010 թվականին Իշխանաց կղզիների քաղաքապետարանը կղզում նույնիսկ մանկական այգի անվանակոչեց Դինքի անունով, իսկ «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակեց անանուն հարցազրույցների ժողովածու՝ «Լռության ձայնը VII. Խոսում են Քընալը կղզու հայերը» վերնագրով:

Հրատարակության անանուն զրուցակիցներից մեկը Քընալը կղզին նկարագրում է որպես «ազատության գյուղ»: Այս կղզու բնակչության մեծամասնությունը կհամաձայնի այս բնութագրման հետ: Դրա ընդամենը 2,500 մշտական բնակչության մեծ մասը կազմում են Ստամբուլի կամ ավելի լայն սփյուռքի հայերը։ Նրանք լաստանավով այս հայկական օազիս են գալիս՝ հանգստանալու ու շփվելու իրենց մայրենի լեզվով:

 

Յուրաքանչյուրի համար մի զբաղմունք

«Քընալըն աշխարհի կենտրոնն է»,- Քընալը կղզու իր բնակարանից Zoom-ով տեսազանգի ժամանակ ոգևորված ասաց ծայրագույն վարդապետ Հարություն Դամադյանը: Կղզին գտնվում է Ստամբուլից ընդամենը տասներկու կիլոմետր հարավ ու համարվում Իշխանաց կղզիներից մեծությամբ չորրորդը: Նրա կարծիքով քաղաքի ճարտարապետական ժառանգությունը սփռված է կղզու ափերի երկայնքով՝ մինարեթների, մզկիթների, պատմական պալատների, իսկ վերջին շրջանում՝ շինարարության և երկնաքերների տեսքով: Կղզու բնակիչները բողոքում են. ընդամենը մի քանի տասնամյակ առաջ նրանց տեսարանը զերծ էր այս աղտոտվածությունից: Սակայն, ինչ էլ լինի, Քընալը կղզու խաղաղ կյանքը դեռ շատ հեռու է աղտոտված քաղաքային կյանքին նմանվելուց։

Երեսունհինգամյա վարդապետ Դամադյանը Քընալը կղզու ծաղկուն հայկական համայնքի համար կենսական նշա-նակություն ունեցող Հայ Ուղղափառ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու քահանան է, ինչպես նաև վերջերս ձեռնադրվել է նաև Իշխանաց կղզիների ավագ քահանա։ Նա պատրիարքարանի ամենաերիտասարդ հոգևորականներից է, ով ձեռնադրվել է ընդամենը 27 տարեկանում և հպարտ է, որ քայլում է իր հոր՝ Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Գրիգոր Դամադյանի հետքերով:

Կղզու պասիվ անցուդարձի շրջանում նա ծառայում է որպես Պերայի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա։ Այն «Եսայան» միջնակարգ դպրոցի, Շիշլիի շիրմատան, սպորտային ակումբի և հայալեզու «Մարմարա» թերթի գլխավոր գրասենյակի հետ միասին գտնվում է նույն թաղամասում:

Դրա ընդամենը 2,500 մշտական բնակչության մեծ մասը կազմում են Ստամբուլի կամ սփյուռքի հայերը։ Նրանք լաստանավով այս հայկական օազիս են գալիս՝ հանգստանալու ու շփվելու իրենց մայրենի լեզվով:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ իր աշխատանքը կիրակնօրյա ծառայությամբ չի սահմանափակվում: «Ես պետք է լինեի միջոցառումների կազմակերպիչ, ոչ թե հայր սուրբ», - ասում է նա ժպտալով: «Ամռանը եկեղեցին գործում է քսանչորս ժամ։ Այն գործունեությունը, որ մենք ծավալում ենք ընդամենը չորս ամսում, հավասարազոր է մեկ տարվա աշխատանքի… հանգստանալու ժամանակ չկա»: Իսկապես, այն չորս ամիսների ընթացքում, երբ պոլսահայերը կղզում են լինում, օրակարգը չափազանց հագեցած է լինում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար։

Այստեղ հանգստացող հայերը, բացի ծովափում ժամանակ անցկացնելուց, կարող են մի շարք այլ զբաղմունքներ գտնել. հայկական ճամբարին, երգչախմբային պարապմունքներին,  պարի դասերին ու թավլուի (նարդի) խաղերին մասնակցելուց մինչև ֆուտբոլի մրցաշարերի ու համերգների գնալը: Երեխաները կարող են հաճախել 1952 թվականին հիմնադրված հայկական ամառային ճամբարը, որտեղ «Շնորհյան» մանկական երգչախմբի հետ կսովորեն շարականներ, իսկ կղզու մշտական ​​այցելուները կարող են իսկական հայկական ճոխ ընթրիքներ վայելել տեղի հայկական Jash ռեստորանում կամ սուրճ խմել Henna հայկական սրճարանում։

Թերևս կղզու ամենաաշխույժ շրջանը Վարդավառի ժամանակ է։ Վարդապետ Դամադյանը բոլոր միջոցառումները միշտ հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում անգլերեն, հայերեն և թուրքերեն, ինչպես հայերի, այնպես էլ մեծաքանակ օտարազգի հետևորդների համար: Հատկապես Վարդավառի ժամանակ արված նկարները լավագույնս են արտացոլում կղզու՝ տարբեր սերունդներ ներկայացնող ծաղկուն հայ համայնքը:

«Ամռանը մոտ 200 հայ ընտանիք է այցելում մեզ, նույնիսկ տարբեր կղզիներից»,- ասում է հայր Դամադյանը։ Կղզին Ստամբուլի հայերին հնարավորություն է տալիս կտրվելու քաղաքի ճնշող ու լարված մթնոլորտից: Քընալը կղզում նրանք ազատ խոսում են իրենց մայրենի լեզվով, ճաշակում հայկական խոհանոցի համեղ խորտիկներն ու զգում հայկական ավանդույթների շունչը։

 

Կղզին այսօր

Վարդապետ Դամադյանի կարծիքով հայկական համայնքն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ: «Մենք ունենք մեծ համայնք՝ ամեն տարիքի ներկայացուցիչներից բաղկացած՝ բջիգներից [փոքրերից] և դեռահասներից մինչև հասուն տարիքի ու ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր գալիս են սեղանի թենիս ու թավլու խաղալու»:

Նրա հայտարարության ճշմարտացիությունը փաստում է նաև տեղական մամուլը: Պոլսո Հայոց Պատրիարքի բարձր հովանու ներքո կազմակերպվող «Նավասարդյան հայկական մարզական խաղերը», Երիտասարդության և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, այս ծաղկուն համայնքի ակտիվության դրսևորման միայն մեկ օրինակն է: Սա ամառային ժամանցի հիմնական բաղադրիչներից է այն բոլոր խոստումնալից հայ մարզիկների համար, ովքեր կղզու «Հրանտ Բարսամյան» մարզադաշտում մրցում են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, նարդիի և շախմատի մրցաշարերում։ Ի լրումն, խաղերի ժամանակ  «Եսայան» դպրոցի շրջանավարտներից բաղկացած «Մարալ» ժողովրդական պարային համույթը ելույթով ոգևորում է մարզիկներին։ 2023-ի ամռանը տեղի ունեցած վերջին մրցաշարին հազարավոր մարդիկ էին ներկա:   

Եկեղեցում անցկացվում են նաև երաժշտական ​​երեկոներ, որտեղ եկեղեցու շնորհալի հետևորդներն ավանդական գործիքներով կատարում են հայկական ժողովրդական երգեր։ Բացի այդ՝ տեղի են ունենում գրքի շնորհանդեսներ, համերգներ, խաղողօրհնեքի արարողություններ, ժողովրդական պարերի բեմադրություններ և նույնիսկ սքրաբլ խաղի հայկական մրցաշարեր: Այս բոլոր միջոցառումներն ունենում են մեծաքանակ այցելուներ։

Վարդապետ Դամադյանը կարծում է, որ հայկական եկեղեցին այս աշխույժ համայնքի սիրտն է: «Ես Եկեղեցին անվանում եմ բավականություն ստանալու վայր, քանի որ մենք պարզապես հոգևոր կյանքը չէ, որ տոնում ենք: Մեր կարգախոսն է ստիպել մարդկանց զգալ, որ իրենք ավելին են, քան պարզապես համայնք»: Ֆեյսբուքի նրա գրառումներն ապացուցում են դա։ Հրապարակված յուրաքանչյուր լուսանկարով հնարավոր է պատկերացում կազմել կղզու անհոգ կյանքի մասին։

«Հրանտ Դինք» հիմնադրամի հրատարակության մեջ հարցվող մի կին ասում է. «Քընալը կղզին Ստամբուլի և Թուրքիայի այն սակավաթիվ վայրերից է, որն ապրում է բուռն հայկական մշակութային կյանքով և մարդիկ այն ազատ վայելում են»: Դեռևս 70-ականներից նրա ամբողջ ընտանիքն ամառներն անցկացնում էր այս կղզում։  Հետո հավելում է. «Օտարազգիներն էլ են հայերեն խոսում, քանի որ այստեղ են մեծացել, անընդհատ հայերի հետ են շփվել և սովորել են մեր լեզուն: Մարդիկ, ովքեր երբեք հայերեն չեն խոսել, հանկարծ սկսում են օգտագործել լեզուն ու իրենց երեխաներին հայկական մշակույթ սովորեցնել»:

Վարդապետ Դամադյանը համաձայն է. «Այստեղ միշտ կզգաք, որ ձեր ընկերների ու ընտանիքի հետ եք»:

 

Մարմարայի գոհարը

Ծաղիկներով պարուրված այս խաղաղ կղզին Իշխանաց մյուս կղզիներից առանձնանում է իր պարզությամբ։ Այն Ստամբուլի հինգերորդ ամենափոքր վարչական շրջանն է: Մեծությամբ առաջին կղզին Բյույուքադան է (Մեծ կղզի), ուր, ինչպես հայտնի է, աքսորվել է ռուս հեղափոխական Լև Տրոցկին: Հետո գալիս է Հեյբելիադան (Պայուսակով կղզի), որտեղ գտնվում է Ստամբուլի ռազմածովային ճարտարագիտության կայսերական դպրոցը, և Քաշըքադասը (Կղզի-գդալ), որը հունական համայնքին հայտնի է Պիտա անունով: Այս բոլոր կղզիներ կարելի է հասնել նավով և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ՝ ծովային ավտոբուսներով: Նրանք, ովքեր նավ են սիրում ու պատրաստ են փոքր-ինչ ավել վճարել փոխադրամիջոցի համար, ընկերների և ընտանիքի հետ կարող են վարձել անհատական ​​ջրային տաքսիներ:

Յուրաքանչյուր կղզի ունի իր ինքնությունն ու եզակի համայնքը, բայց բոլորն էլ հայտնի են իրենց փայտե, գրավիչ առանձնատներով, բնական գեղեցկությամբ, թեթև երթևեկությամբ, ընտիր ծովամթերքով ու Մարմարայի անզուգական տեսարաններով: Քընալը կղզու գունագեղ բնությունը դժվար է գտնել այլ վայրում, և շատերի մոտ կղզու հրապուրիչ անկյունները հին գյուղական բնակավայրերի հետ կապված հուշեր են արթնացնում: Չնայած ընդհանրություններին՝ հայտնի է, որ Քընալըն հիմնականում բնակեցված է հայերով, իսկ հարևան Բյույուքադան՝ հրեաներով:

Հարուստ պատմություն

Քընալը կղզին Իշխանաց կղզե-խմբում մեծությամբ չորրորդն է։ Այն ժամանակին եղել է Բյուզանդական կայսրության աքսորավայր։ Մասնավորապես՝ Հռոմի Կոստանդիանոս Մեծ կայսրն առաջին անգամ Ներսես I եպիսկոպոսին աքսորել է Բույուկադա՝ կրոնական տարաձայնությունների պատճառով։

Ըստ Thrillophilia-ի՝ Բյուզանդական շրջանում այս կղզիներն ինչ-որ ժամանակահատված նույնիսկ կոչվել են Demonnesoi կամ «Դևերի կղզի», որտեղ աքսորվել են թագավորական ընտանիքների իշխանները։ Այդպիսի իշխաններից մեկը՝ Ջասթին II-ը, այս կղզիներն օգտագործել է որպես իր անձնական բանտ, և ձմռանը, խիստ կլիմայի և փոխադրամիջոցների բացակայության պատճառով, կղզիները կատարյալ դժոխքի են վերածվել, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:

Իրականում, ըստ «Հրանտ Դինք» հիմնադրամի, Բյուզանդիայի կայսր Նիկիփորոս I-ը ձախողված ապստամբությունից հետո հայտնի Մամիկոնյանների տոհմից մեկին աքսորել է Քընալը կղզի, որտեղ Մամիկոնյանը կառուցել է Վարդանիոս վանքը: Այս կղզին, որը նաև անվանվել է «Հինա կղզի» կարմրահողով առատ լինելու համար, ժամանակին ունեցել է նաև հունական ուղղափառ համայնք։ Հույներն էլ կղզին անվանում էին Պրոտի (հունարեն՝ առաջին)։ Այսօր Քընալըն ունի մեկ հունական ուղղափառ եկեղեցի և մեկ վանք՝ որպես կղզում երբեմնի հունական բնակչության խորհրդանիշ։

Նկար
Opened in 1857, the Nersesyan Armenian School had students come from across the Princes’ Islands.

Opened in 1857, the Nersesyan Armenian School had students come from across the Princes’ Islands.
Caption
Opened in 1857, the Nersesyan Armenian School had students come from across the Princes’ Islands.

Հայերը կղզում հաստատվել են 1800-ականների վերջին, և այդ ժամանակներից հայկական համայնքն սկսել է աստիճանաբար զարգանալ։ Դրա վառ ապացույցն են բազմաթիվ կրոնական սրբավայրերն ու հայկական ժառանգությունը, ինչպես նաև ծաղկուն հայկական դպրոցներն ու մշակութային կենտրոնները: Հայերի զանգվածային բնակեցումը պաշտոնապես սկսվել է 1833 թվականին, և լաստանավերի կիրառությունն էլ ավելի է արագացրել այդ գործընթացը։ Մոտավորապես այս ժամանակաշրջանում Քընալըում նաև բացվել են ուղղափառ Պանայա եկեղեցին և հունական դպրոցը, ինչը թույլ է տվել հույներին հայերի կողքին ներդաշնակ ապրել ու զարգացնել իրենց ինքնությունը։

Միաժամանակ կղզու հայերը կառավարությունից խնդրել են ունենալ իրենց եկեղեցին։ Այսպիսով, 1855 թվականին սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու շինարարությունը։ Այն պաշտոնապես բացվել է Հակոբ Գ Պատրիարքի օրոք 1857 թվականին։ Նույն թվականին առաջին անգամ իր դռներն է բացել Չընարալթը Քյոսք փողոցի վրա գտնվող Ներսիսյան հայկական դպրոցը: Այդ դպրոց աշակերտներ էին գալիս նաև հարակից կղզիներից։

Վարդապետ Դամադյանը բացատրում է. «Սբ. Ներսես Մեծին աքսորել են այս կղզի։ Դրա համար էլ ամեն ինչ նրա անունով է կոչվում, ինչպես «Ներսիսյան» վարժարանն ու երգչախումբը»։ Արձանագրվել է նաև, որ «Ներսիսյան» վարժարանում հայերեն կարդալ ու գրել են սովորել նույնիսկ թուրքերը: Հայ մեծանուն վարդապետ Կոմիտասը 1909-1913 թվականներին կղզում իր ամառանոցն է ունեցել։ Դա մոտավորապես հենց այն ժամանակ էր, երբ նա հիմնեց «Գուսան» քառաձայն հայկական երգչախումբն ու սկսեց շրջագայել Կոստանդնուպոլսում:

Հայ մեծանուն վարդապետ Կոմիտասը 1909-1913 թվականներին կղզում իր ամառանոցն է ունեցել։ Դա մոտավորապես հենց այն ժամանակ էր, երբ նա հիմնեց «Գուսան» քառաձայն հայկական երգչախումբն ու սկսեց շրջագայել Կոստանդնուպոլսում:

Ցավոք, 1950-60-ական թվականներին հակահունական բռնությունների ալիքը հանգեցրեց հույն բնակչության նվազմանը, հատկապես, երբ 1964 թվականին կառավարության նախաձեռնությամբ շուրջ 45,000 ստամբուլցի հույն բռնի տեղահանվեցին Թուրքիայից։ Իրողություն, որ մշտադալար վերքի վերածվեց հույն ժողովրդի սրտում, քանի որ նրանց արգելվեց ոտք դնել իրենց բնակավայրեր։

Ճակատագրի հեգնանքով, այդ նույն ժամանակահատվածում հայկական համայնքը զարգանում էր. կղզիները ամառային ժամանց անցկացնելու հանրաճանաչ վայր էին Ստամբուլի հայերի համար:

Այսօր կղզու երկայնքով կարելի է գտնել նախորդ դարաշրջանի հետքեր։ Վիկտորիական ոճի առանձնատներն ու քոթեջները դեռևս կանգուն են՝ պարուրված կղզուն հատուկ պարսկական մետաքսի ծառերով ու ծաղկած միմոզաներով: 1952 թվականին Գարեգին Պատրիարք Խաչատուրյանը նույնիսկ բացեց առաջին հայկական ամառային ճամբարը կարիքավոր ընտանիքների երեխաների համար, որը գործում էր մինչև 2020 թվականը և փակվեց համավարակի պատճառով:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of ՀԲԸՄ ամսագիր. end character

About the ՀԲԸՄ ամսագիր

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։