Ուիլյամ Շեքսպիրը չխամրող անուն է, որն ավելի քան չորսուկես դար շարունակում է գրավել գիտնականների, գրողների և արվեստագետների մտքերն ու սրտերը: Անգլիացի գրական հանճարը ամենաուսումնասիրված հեղինակներից է, ում գիտնականները նվիրել են լայնածավալ աշխատություններ՝ անդրադառնալով նրա կյանքի տարբեր փուլերին, գրական ստեղծագործություններին ու դրանց թողած ազդեցությանը: Նրա ստեղծագործական գունապնակն ընդգրկում է 38 պիես, 154 սոնետ, երկու ծավալուն պատմողական բանաստեղծություն և մի շարք այլ բանաստեղծություններ։ Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը թարգմանվել է ավելի քան 100 լեզուներով, այդ թվում՝ հայերեն։
Շեքսպիրյան հայերեն թարգմանությունների աշխարհագրությունը ձգվում է Կալկաթայից, Բեյրութից, Իրանից, Մոսկվայից և Թիֆլիսից մինչև Կոստանդնուպոլիս, Կահիրե, Զմյուռնիա, Փարիզ և Վենետիկ։
Հատկանշական է, որ շատ քննադատների համար հայերենն այն քիչ լեզուներից է, որն անթերի արտացոլում է շեքսպիրյան տողերի դյութիչ հմայքը: Նրա գործերը նաև վերաթարգմանվում և բազմիցս խմբագրվում են։ Օրինակ՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը առնվազն 15 անգամ թարգմանվել է արևմտահայերեն և արևելահայերեն։
Հովհաննես Թումանյանը թերևս լավագույնս է բացատրել գրական այս խանդավառությունը. «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է»։
Ամենայն հայոց մեծ բանաստեղծը իրավունք ուներ այդկերպ արտահայտվելու։ Իր կյանքի ժամանակաշրջանում՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, Շեքսպիրի նկատմամբ հետաքրքրության վերածնունդ սկսվեց գիտական և ժողովրդական մշակույթի շրջանակներում: Արդյունքում, այս դարաշրջանում Շեքսպիրի ազդեցությունն են կրել հայ իրականության տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ հայոց լեզուն, գրականությունը, երաժշտությունը և արվեստը:

Ամենավաղ հիշատակումները
1916 թվականին Լոնդոնում Շեքսպիրի մահվան տարելիցի 300-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ հայ գրող Րաֆֆիի որդին՝ Արամ Րաֆֆին, իր խոսքում նշել է, որ հայ գրականության մեջ Շեքսպիրից հիշատակումներ կարելի է գտնել 17-րդ դարից ի վեր, մասնավորապես՝ «Ծաղիկ գիտութեանց» գրքում։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ըստ հայ գիտնականների՝ Շեքսպիրի մուտքը հայկական իրականություն եղել է 18-րդ դարի վերջին:
Այս դարաշրջանում հայ լուսավորչական գաղափարախոսությունները զարգանում էին հնդկահայ համայնքում` հայերի օսմանա-պարսկական հպատակության սահմաններից դուրս: Հովսեփ Էմինը (1726-1809)՝ ազգային-ազատագրական գաղափարախոսությունների ջատագովը, 1792 թվականին Լոնդոնում հրատարակեց իր աշխատությունը՝ «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» վերնագրով: Այս հրապարակման մեջ Էմինը զուգահեռներ է անցկացնում և բացատրում բարդ սոցիալ-քաղաքական իրողություններ՝ հղում տալով շեքսպիրյան կերպարներին՝ Շայլոքին, Օթելլոյին և Համլետին: Հետագայում Շեքսպիրի առաջին հայերեն թարգմանությունները հայտնվեցին 1821-1823 թվականներին Կալկաթայի «Շտեմարան» հայկական հանդեսում, որտեղ «Համլետ»-ից գրաբար թարգմանված հատվածներ կային։
Մի քանի տասնամյակ անց՝ 1864 թվականին, Վենետիկի Մխիթարյանները ներկայացրին շեքսպիրյան պիեսի առաջին հայկական բեմադրությունը՝ «Մակբեթ»-ը: Քսաներկու տարի անց Թբիլիսիում ցուցադրվեց «Վենետիկի վաճառական»-ի հայերեն ամբողջական բեմադրությունը՝ ընդլայնելով Շեքսպիրի ստեղծագործությունների հայկական վերարտադրությունների աշխարհագրական շրջանակը։ «Օթելլո»-ն առաջին անգամ ներկայացվեց հաջորդ տարի։
Օսմանյան կայսրությունում Շեքսպիրի ստեղծագործությունները ճանաչելի դարձան 1840-ական թվականներին։ Առաջին ներկայացումները բեմադրեց օսմանահայ ռեժիսոր Գյուլլու Հակոբը (Հակոբ Վարդովյան)։
Առհասարակ, 19-րդ դարում հայ թատրոնը խորը մշակութային վերածնունդ ապրեց՝ արտացոլելով հասարակական-քաղաքական միտումները: Այն վերածվել էր մի հարթակի, որտեղ հայերն հնարավորություն ունեին արտահայտելու իրենց ձգտումներն ու իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների և դեպի ազգային ինքնություն ձգտելու պայմաններում:
Ինչպես կարելի էր ակնկալել՝ մի քանի տասնամյակ անց Աբդուլ Համիդը հայկական ներկայացումները որակեց որպես ազգայնական և արգելեց դրանք: Հետաքրքիր է, որ նա վտանգ էր տեսնում ոչ միայն հայկական թեմաներում, այլև, երբ հայերը խաղում էին այլազգի հեղինակների պիեսներ, այդ թվում՝ Շեքսպիր:
Իր` «Ադանայի սարսափներ»-ը գրքում Պետրոս Տեր-Մաթոսյանը ներկայացնում է միսիոներ Հելեն Դևենպորտ Գիբբոնսի նամակը մորը: Նա գրում է, որ երբ սյուժեն Համլետի խորթ հոր համար ոչ բարե-նպաստ ընթացք ստացավ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին դա դուր չեկավ ու ստիպեց լարվել: Նման ներկայացումներն արգելելու պատճառով բազմաթիվ տաղանդավոր հայ արտիստներ ստիպված եղան լքել Կոստանդնուպոլիսը՝ իրենց թատերական կարիերայի համար առավել բարենպաստ միջավայր փնտրելու։
Շեքսպիրի նկատմամբ հայ գիտնականների ուշադրության ծաղկման շրջանը դարձան խորհրդային տարիները։ Մասնավորապես, թատերագետ, արվեստի պատմության դոկտոր Ռուբեն Զարյանն իր կարիերայի զգալի մասը նվիրեց Շեքսպիր ուսումնասիրելուն և շեքսպիրագիտությանը նվիրված հատորների խմբագրմանը։ Զարյանը Հայաստանում հիմնեց Շեքսպիրյան գրադարանը և Երևանի հայկական շեքսպիրյան կենտրոնը։ Նրա թողած ավանդը լույս է սփռում այս շրջանի հայկական շեքսպիրյան աշխարհի վրա:
Շեքսպիրյան թարգմանություններ
Շեքսպիր թարգմանելը, մեղմ ասած, հեշտ չէ։ Բազմաթիվ հայ թարգմանիչներ, այդ թվում՝ անվանի, դժվարացել են հայերեն արտահայտել Շեքսպիրի ստեղծագործությունների ամբողջական էությունը։ Իրենց բարդության պատճառով Շեքսպիրի ստեղծագործությունները սկզբում ներկայացվել են որպես արձակ, այլ ոչ՝ չափածո:
Պարսկահայ թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր և դիվանագետ Հովհաննես Մասեհյանն էր, որ հեղափոխեց Շեքսպիր թարգմանելու մոտեցումը։ Նա հայ բանաստեղծական ավանդույթում նոր չափ ավելացրեց, որը թույլ տվեց հնարավորինս մոտենալ բնօրինակի ռիթմին։
Մասեհյանը Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում պաշտոնավարել է որպես Պարսկաստանի դեսպան։ Այս հանգամանքը մեծապես նպաստել է օտար լեզուների, այդ թվում՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի իմացությանը, ինչը որոշիչ դեր է խաղացել նրա հաջող թարգմանությունների գործում:
«Համլետ»-ը Մասեհյանի առաջին վարպետաց թարգմանությունն էր, որը տպագրվեց մամուլում 1896 թվականին: Այս առթիվ Թումանյանը գրեց. «...մենք կարող ենք ասել, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, քանի որ Շեքսպիրը խոսեց հայերեն: Սա մեծ թռիչք է, հանկարծակի մեծ թռիչք»։
Նույնքան կարևոր է Մասեհյանի թողած ժառանգությունը բանասիրության ոլորտում։ Հայտնի է, որ Շեքսպիրն իր ստեղծագործություններում օգտագործել է ամենաշատ անգլերեն բառերը, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 20,000-ը: Այս ընդարձակ բառային պաշարն զգալիորեն նպաստել է ժամանակակից անգլերենի զարգացմանը: Անկասկած, լեզուները, որոնցով արվել են շեքսպիրյան թարգմանությունները, նույնպես հարստացել են նորաբանություններով:

Լեզվաբան և հայագետ Վարագ Առաքելյանը Մասեհյանի «Համլետ»-ի թարգմանության հիման վրա կազմել է հայերեն բառարան։ Առաքելյանը դիտարկում է Մասեհյանի ներմուծած նորաբանություններն ու արտահայտությունները՝ ընդգծելով դրանց առօրյա կիրառությունը։
Ավելին, Շեքսպիրի թարգմանությունները նպաստել են նոր անունների ինտեգրմանը հայկական իրականության մեջ: Նույնիսկ այսօր Հայաստանում լայնորեն կիրառվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Համլետը, Օֆելյան և Ջուլիետան (Ջուլիան), որոնց մասշտաբային կիրառությունը սկսվել է 19-րդ դարից, երբ դրանք առաջին անգամ ներկայացվեցին հայ հասարակությանը եվրոպական գրականությունից:
Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է. եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։
Շեքսպիրյան սոնետների թարգմանությունը մեկ այլ մարտահրավեր է, որը սակայն Մասեհյանի ժամանակակից Վահան Թեքեյանը հաղթահարեց իր յուրօրինակ գրական ոճով: Նա ինքն էլ գրում էր սոնետներ՝ հնչյակներ։
Թեքեյանի նոթատետրը, որը պահվում է Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, իր իսկ ստեղծագործությունների հետ մեկտեղ պարունակում է Շեքսպիրի 22 սոնետի թարգմանություն։ Թեքեյանն այս թարգմանություններն արել է 1943-45 թվականներին Կահիրեում իր կյանքի վերջին տարիներին՝ աշխատելով թախծոտ թեմաներով սոնետների վրա։
Հետագայում Մասեհյանը և Թեքեյանը ջահը փոխանցեցին նոր սերնդին, որոնց թվում էին Խաչիկ Դաշտենցի, Ստեփան Ալաջաջյանի և Հենրիկ Սևանի նման նշանավոր հայ գրողները: Վերջիններս պահպանեցին և ընդլայնեցին այդ ավանդը՝ արժեքավոր ներդրում ունենալով շեքսպիրյան ստեղծագործությունների որակյալ թարգմանության և խմբագրման գործում: Այդուհանդերձ, Մասեհյանն էր, որ հմտորեն գծեց շեքսպիրյան բնագրի և հայերեն թարգմանությունների միջև ամենաշիտակ ուղին:
Շեքսպիրը հայ գրականության մեջ
Շեքսպիրի գաղափարները խորը ազդեցություն են ունեցել նաև 19-րդ և 20-րդ դարերի հայ նշանավոր գրողների վրա։ Մասնավորապես, Միքայել Նալբանդյանը մեծապես ոգեշնչվել է շեքսպիրյան ազատատենչության գաղափարախոսությամբ։
Նալբանդյանը վճռորոշ դեր է խաղացել Շեքսպիրի ուսումնասիրության հիմնադրման գործում։ Ըստ վարկածի՝ նա առաջին անգամ ծանոթացել է Շեքսպիրի ստեղծագործություններին 1848-1853 թվականներին, երբ ծառայում էր որպես Բեսարաբիայի թեմի դպիր։ Պարբերաբար ստանալով հրապարակումներ արտերկրի հայկական համայնքներից, մասնավորապես՝ Վենետիկի «Բազմավեպ», Վիեննայի «Եվրոպա» և Կալկաթայի «Ազգասեր» hանդեսներից, նա հաճախ էր հանդիպում Շեքսպիրի շուրջ քննարկումների։ Այնուամենայնիվ, Նալբանդյանը հիմնականում չէր համաձայնում դրանց հետ, քանի որ դրանք գրված էին ի նպաստ եվրոպական կլասիցիզմի և քննադատում էին Շեքսպիրի ոճը և օգտագործած լեզուն:
Շեքսպիրի մասին Նալբանդյանի առաջին հիշատակումը փաստագրված է նրա ճամփորդական գրառումներում: «Շեքսպիրը՝ անգլիական թատրոնի պարծանքը և բանաստեղծական մեծ կախարդը, վաղուց դրել էր իմ մեջ մի ցանկություն Տորը և Վինձորը տեսնելու», - գրել է նա։ Այս ցանկությունն իրականացավ Լոնդոնում գտնվելու ժամանակ, երբ նա այցելեց Վինձոր՝ ականատես լինելու շեքսպիրյան պիեսի փառահեղ տեսարաններից մեկին:

Եթե Նալբանդյանը Շեքսպիրի հետ ասոցացվում է իր ազատատենչ ոգով, ապա հայ գրող Պարույր Սևակը զուգահեռներ է անցկացնում Սայաթ-Նովայի և Շեքսպիրի միջև՝ հարատև սիրո թեմայով։ Սևակը դիտարկում է, որ երկուսն էլ նույն կերպ են փայփայում իրենց սիրո առարկան: Ըստ նրա՝ «Եթե [Շեքսպիրի] այս Սոնետը թարգմանվեր թիֆլիսահայ բարբառով և Սայաթ-Նովայի տաղաչափական ձևերից որևէ մեկի օգտագործմամբ, մի՞թե կկասկածեիք, թե կարդում եք Սայաթ-Նովայի մի նոր, դեռևս ձեզ անծանոթ Խաղ։ Նու՛յն «ղուլ ու նոքար»-ությունը, նու՛յն համակերպվածությունը ճակատագրին, նու՛յն անմերձանալի-անմատչելիությունը, որից սերը վերաճում է պաշտամունքի»։
Սևակն ավելի է ընդգծում երկու բանաստեղծների կապը մեկ այլ ընդհանուր թեմայով՝ կյանքից հեռանալուց առաջ ժառանգ թողնելու մեծ տենչանքով:
Անդրադառնալով սիմվոլիզմին՝ նա գրում է, որ Սայաթ-Նովան հաճախ է հիշատակում նունուֆար ծաղիկը, որը Շեքսպիրի պիեսներում համարժեք է լոտոսին։ Սևակը կարծում էր, որ երկու ծաղիկներն էլ ունեին միևնույն նշանակությունը ժամանակի մշակութային համատեքստում՝ խորհրդանշելով մաքրություն և վերածնունդ:
Հովհաննես Թումանյանը տարված էր մարդասիրական թեմաներով, որը հաճախ էր կրկնվում նրա գրական ստեղծագործությունների մեծ մասում: Որպես հայոց լեզվի մեծն վարպետ՝ նա ոչ միայն խմբագրել, այլ նաև խորաթափանց մեկնաբանություններ է մատուցել Շեքսպիրի բազմաթիվ թարգմանությունների, այդ թվում՝ Հովհաննես Մասեհյանի գործերի վերաբերյալ:
Սակայն չպետք է մոռանալ, որ Թումանյանն ինքը նաև անգերազանցելի թարգմանիչ էր։ Նրա բազում թարգմանությունների շարքին են պատկանում ռուս գրող Լև Տոլստոյի ստեղծագործությունները։ Սակայն Շեքսպիրի հանդեպ ունեցած հիացմունքը նրան դրդել է «գրավոր բանավեճի» մեջ մտնել Տոլստոյի հետ: Վերջինս մի քանի հոդվածներում քննադատել էր Շեքսպիրին։
Տոլստոյի հոդվածներից մեկը գտնվել է Թումանյանի գրադարակում։ Թումանյանը մանրակրկտորեն կարդացել էր այդ գրախոսությունն ու որոշ արտահայտությունների կողքին ավելացրել մեկնաբանություններ ու հարցական նշաններ, ինչը ակնհայտորեն ցույց էր տալիս նրա անհամաձայնությունն ու հիասթափությունը նման վերլուծության վերաբերյալ։
Համիդյան ջարդերից փրկված ազդեցիկ գրող Զաբել Բոյաջյանը բանաստեղծություն է գրել «Հայաստանի սերը Շեքսպիրին» վերնագրով։ Բոյաջյանը՝ Հայկական հարցի նվիրյալ ջատագովը, հետևողականորեն օգտագործում էր իր արվեստն ու ստեղծագործությունները՝ Բրիտանիայում Ցեղասպանության վերաբերյալ իրազեկություն բարձրացնելու համար: Նա մեծ պատիվ էր համարում այն փաստը, որ Հայաստանն էր ներկայացրել Շեքսպիրի հիշատակին նվիրված գրքում: Իր նամակներից մեկում նա գրել է. «Ինձ խնդրեցին գրել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ժողովածուի համար, որում Անգլիայի լավագույն գրողներից շատերն իրենց ներդրումն են ունեցել: Եվ նաև գրողներ գրեթե բոլոր երկրներից: Համազգային տոնակատարության ժամանակ, երբ տարբեր երկրների դեսպանները և կառավարության անդամները դահլիճում էին, գրքից երկու բանաստեղծություն կարդացին՝ մեկը Թոմաս Հարդիինը, այն ժամանակ՝ դափնեկիր բանաստեղծինը, մյուսը՝ իմը»։
Հայազգի շեքսպիրյան դերասանները
Համաշխարհային թատրոնում երկու հայ դերասան հիշատակվում են իրենց անզուգական շեքսպիրյան դերերով՝ Պետրոս Ադամյանը (1849-1891 թթ., Կոստանդնուպոլիս) և Վահրամ Փափազյանը (1888-1969 թթ., Կոստանդնուպոլիս, Երևան):
Պարզապես չոր սյուժե ներկայացնելու փոխարեն՝ նրանք օգտագործել են իրենց յուրօրինակ դերասանական ոճը բանաստեղծի գաղափարախոսությունները փոխանցելու համար: Ադամյանը, ով հայտնի էր Համլետի և Օթելլոյի անզուգական կատարումներով, իր ժամանակի լավագույն ողբերգակներից էր: Նրա խաղացած Համլետը 1880 թվականին արժանացավ հանդիսատեսի հիացմունքին։ Այս շրջանը Շեքսպիրին կապում է նաև հայության ազգային զարթոնքի հետ։

Զարյանը նշել է, որ Ադամյանի հայկական ինքնությունը հնարավորություն է տվել հասկանալու և մեկնաբանելու իրական Շեքսպիրին: «Բեմում, շեքսպիրյան կերպարի դերակատարմամբ, Ադամյանը խոսում էր սեփական ժողովրդի տառապանքների ու նպատակների, կյանքի և մերձավորների հանդեպ սիրո մասին»:
Զարյանի խոսքով՝ Ադամյանը կարող էր Շեքսպիր խաղալ ֆրանսերենով ավելի մեծ լսարան գրավելու համար, սակայն նա գերադասեց հայերենը՝ ցուցադրելու այն հրաշքները, որոնց ունակ էր իր մայրենի լեզուն: «Մեր անցյալի այս վճռորոշ տարիներին հայտնվեց մի մարդ՝ ի դեմս Ադամյանի, որպեսզի ապացուցի աշխարհին, թե ինչպես Կովկասյան լեռներում թաքնված փոքր ազգը կարող է հասկանալ և մեկնաբանել Շեքսպիրին»,- եզրափակում է նա:
Հայերն աշխարհին տվել են նաև «կին Համլետ»: 1891-ին՝ Ադամյանի մահից հետո, Սիրանույշը (Մերոպե Գանթարճյան, 1857-1932 թթ.) կրկին արթնացրեց թատրոնի հանդեպ հայ հանդիսատեսի կիրքը։ Բացառիկ տաղանդի տեր այս դերասանուհին առանցքային դեր խաղաց հայ արվեստի համաշխարհային ճանաչման գործում՝ ստանձնելով մոտ 300 դեր:
Սիրանույշը սոցիալապես ակտիվ էր և չէր կարողանում համակերպվել տիրող անօրեն պայմաններին։ Նրա «Համլետ»-ը ծառայեց որպես միջնորդ և ապստամբ՝ նպատակ ունենալով «փոխելու կեղծ ու կեղծավոր աշխարհը նոր ու ավելի լավ կյանքի»,- նշում է Զարյանը։ Ի վերջո, երբ Օսմանյան կայսրությունն արգելեց հայկական թատերական ներկայացումները, Սիրանույշը տեղափոխվեց Կահիրե՝ շարունակելու իր թատերական գործունեությունը։

Պոլսում ծնված Վահրամ Փափազյանը սովորել է Վենետիկում և Միլանում, որտեղ ծանոթացել և հանդես է եկել իտալացի հայտնի դերասաններ Ցակոնիի և Նովելիի թատերական խմբերում։ Փափազյանը վերադարձավ Կոստանդնուպոլիս, երբ հայկական թատերական ներկայացումների արգելքը հանվեց, և այնտեղ նրա առաջին շեքսպիրյան դերը եղավ Օթելլոն։ Այնուամենայնիվ, 1913-ին Փափազյանն ի վերջո տեղափոխվեց Թբիլիսի, քանի որ Կոստանդնուպոլսի թատերական կյանքն այնքան էլ խոստումնալից չէր:
1920-ականների սկզբին մոսկովյան մամուլը Փափազյանին հռչակեց որպես «լավագույն ժամանակակից ողբերգակներից մեկը»՝ նշելով, որ Օթելլոյի կերպարը նորարարական էր և համահունչ ժամանակակից խնդիրներին: Մի քանի տարի անց փարիզյան մամուլը հաստատեց, որ Փափազյանը ծնվել է Օթելլոյի դերի համար։
Բացի իր տաղանդից ու փորձից՝ Փափազյանն աչքի էր ընկնում նաև իր դիմախաղով: Սեփական դիմահարդարումն անելու ժամանակ նա միտումնավոր խուսափում էր այնպիսի նյութերից, որոնք կարող էին քողարկել դեմքի արտահայտության նրբությունները, քանի որ իր դերերում դիմախաղին առանձնահատուկ տեղ էր տալիս։
Միջին և ուշ խորհրդային ժամանակաշրջանում լայն տարածում գտան Շեքսպիրի՝ հումանիզմի մասին գաղափարները: Այն ժամանակ Խորհրդային Միությունում հումանիզմը ծառայում էր որպես հակափաստարկ ֆաշիզմին:
Այս դարաշրջանի անվանի արվեստագետներ Գուրգեն Ջանիբեկյանը և Հրաչյա Ներսիսյանը շարունակեցին մարմնավորել շեքսպիրյան կերպարները հումանիստական փիլիսոփայությամբ: Զարյանը նշում է, որ նրանք համահավասար արտիստներ էին, և տարբերվում էին միայն տաղանդի յուրօրինակ դրսևորմամբ, այլ ոչ՝ դերերի մեկնաբանությամբ:

Ուշ խորհրդային շրջանը հայտնի էր նաև իր շեքսպիրյան փառատոններով, որոնց ժամանակ էլ այս ներկայացումներից շատերը մատուցվում էին խորհրդային պետությունների ժողովուրդներին։ Հայերը հարգանքի են արժանացել ոչ միայն իրենց տաղանդի, այլև այս միջոցառումներին հնչող գեղեցիկ հայերենի համար:
Ըստ հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ժիրայր Փափազյանի՝ Շեքսպիրն այդքան հայտնի դարձավ խորհրդային տարիներին, քանի որ, չնայած եվրոպական գրականության և գաղափարախոսությունների մեծ մասի արգելքին՝ Շեքսպիրը քաղաքականապես կոռեկտ և անվտանգ էր թվում Խորհրդային Միության համար: Հետևաբար, ռեժիսորները հաճախ Շեքսպիր էին բեմադրում, երբ ցանկանում էին ինչ-որ եվրոպական ներկայացում բեմադրել: «Եվ այնուամենայնիվ, երբեմն նրանք ենթատեքստեր էին դնում Շեքսպիրի բեմադրություններում, որպեսզի հանրությունը իմանար, որ նրանք հիմնականում խոսում են պետության մասին, ինչպես Երևանի դրամատիկական թատրոնում 1970-ականներին «Ռիչարդ III» ներկայացման ժամանակ: Ակնհայտ էր, որ ենթատեքստը Կրեմլին էր ուղղված, սակայն եթե ինչ-որ մեկը որևէ բան ասեր, պատասխանը կլիներ. «Դե դա Շեքսպիրն է, դասական է: Մենք ոչ մի վատ բան նկատի չենք ունեցել»:
Հետեղեռնյան ժամանակաշրջանում, ի թիվս այլ ազգերի, հայերը Շեքսպիր են ներկայացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Լիբանանում: Փափազյանը հիշում է. «Բեյրութի նշանավոր ռեժիսորներից մեկը Պերճ Ֆազլյանն էր, ով 1960-ականներին բեմադրեց «Միջամառային գիշերվա երազ»-ը: Բացի այդ՝ 1968-ին Բեյրութում Գրիգոր Սաթամյանը բեմադրեց «Մեծ աղմուկ ոչնչից» գործը»:
Շեքսպիրը հայկական արվեստում
Էյվոնի երգչի ազդեցությունն այնքան մեծ ու լայնածավալ էր, որ անցավ գրական ոլորտի սահմաններն ու ներթափանցեց հայկական մշակույթի տարբեր ոլորտներ, ներառյալ՝ երաժշտություն և արվեստ:
Թեև սահմանափակ տեղեկություններ կան այն մասին, թե իր կյանքի ընթացքում որքանով է Կոմիտասն առնչվել Շեքսպիրի հետ կամ դիտել է արդյոք Ադամյանի ներկայացումները Կոստանդնուպոլսում, փաստ է, որ նա ծանոթ էր Մասեհյանի թարգմանություններին։ Կոմիտասի փաստաթղթերում հայտնաբերվել են երաժշտության նոտաներ, որոնք նա գրել էր «Վենետիկի վաճառական»-ի երրորդ գործողության համար՝ նոտագրության տակ օգտագործելով Մասեհյանի թարգմանությունը: Հայոց ցեղասպանության ժամանակ Կոմիտասի ստեղծագործությունների և աշխատությունների զգալի մասի ոչնչացման պատճառով անհայտ է՝ արդյոք նա ամբողջ պիեսի համար է երաժշտություն գրել, թե միայն որոշ հատվածների:
Հայ երաժշտագետ և կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը ենթադրում է, որ Կոմիտասը հավանաբար ստեղծագործությունը գրել է Էջմիածնում, ոչ թե Կոստանդնուպոլսում, 1901-1908 թվականներին, երբ սովորում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում, որտեղ ուսանողները պարբերաբար ներկայացումներ էին բեմադրում: Նա կարծում էր, որ այս երգ-մենախոսությունը նշանակալից օրինակ է, որը փաստում է Կոմիտասի գեղարվեստական նախասիրությունների ու հետաքրքրությունների բազմազանությունը։
Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, ի թիվս իր գլուխգործոցների, գրել է 25 կինոերաժշտություն, այդ թվում՝ շեքսպիրյան պիեսների համար, օրինակ՝ «Օթելլո»-ի: Երաժշտագետներն ընդգծում են, որ Խաչատրյանի «Օթելլո»-ն ներկայացված է ազգային հարուստ գեղարվեստական ժառանգությանը համահունչ որակներով և խորությամբ: Երաժշտագետ Գեորգ Պրեդոտան կարծում է, որ «...այս երաժշտությունը բացահայտում է Խաչատրյանի կինեմատոգրաֆիկ պատկերացման ողջ սպեկտրը»։
Շեքսպիրից ոգեշնչված գործեր են ստեղծել նաև հայ անվանի նկարիչներ, այդ թվում՝ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը։ Շեքսպիրի հանդեպ նրա խորը հիացմունքը անհերքելի փաստ է և արտահայտվել է կյանքի տարբեր փուլերում, տարբեր դրսևորումներով, օրինակ՝ Շեքսպիրի մի քանի պիեսների թարգմանությամբ, թեև դրանց մեծ մասը տպագրված չէ։
Պետրոս Ադամյանը մտերմություն էր անում Սուրենյանց ընտանիքի հետ. հավանաբար նրանց կապը ձևավորվել էր 1880-ականներին Ադամյանի՝ Մոսկվա կատարած այցերի ընթացքում: Իր նամակներից մեկում Ադամյանը գրել է, որ Եկատերինա Սուրենյանցը՝ Վարդգես Սուրենյանցի քույրը, իր հետ հանդես է եկել շեքսպիրյան տարբեր դերերում, այդ թվում՝ Օֆելիայի և Դեզդեմոնայի։

Այս ամուր կապի արդյունքում Սուրենյանցը նկարել է վեց մատիտանկար և մեկ նկար, բոլորում՝ Ադամյանը շեքսպիրյան դերերում: Ենթադրվում է, որ այս ստեղծագործությունները զգալի գեղարվեստական արժեք ունեն Սուրենյանցի հավաքածուում՝ հաշվի առնելով նրա ստեղծագործություններում մատիտանկարների թվով սակավ լինելու փաստը։
Ոգեշնչված Մասեհյանի թարգմանություններից՝ իրանահայ նկարիչ Հարություն Մինասյանը Շեքսպիրի պիեսներից վրձնել է մի շարք հերոսների, ինչպիսիք են՝ Համլետը, Լիր արքան, Օթելլոն, Մակբեթը, Շայլոքը, Կորիոլանուսը և Կլեոպատրան։
Վահրամ Փափազյանի ժամանակակից Մարտիրոս Սարյանը Փափազյանին ներառել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ արված իր մատիտանկարների շարքում։ Սարյանը գրել է. «Փափազյանը եղավ մեր ժողովրդի այն հանճարեղ զավակը, որը փոխարինեց Ադամյանին և աշխարհի բեմերի վրա բարձրացրեց հայկական Շեքսպիրը: Եղավ այն մարդը, որը Շեքսպիրը դարձրեց իր ժողովրդի պատմության ու հոգու հայելին` սրանով իսկ անգլիացիներին ու աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին ցույց տալով դրամատուրգի բոլորովին ինքնատիպ մեկնությունը: Ինձ թվում է, թե 1924 թվականին արածս դիմանկարում բացահայտել եմ այդ մարդու արտաքին ու ներքին արժանիքները»:
Կինոյի ոլորտում հայտնի արվեստագետ և կինոռեժիսոր ամերիկահայ Ռուբեն Մամուլյանը «Համլետ»-ի բարդ անգլերենը փոխեց պարզեցված, ստանդարտ անգլերենի: Մամուլյանը, գիտակցելով Շեքսպիրին բնագրով կարդալու դժվարությունը, նպատակ ուներ նրան հասանելի դարձնելու անգլիախոս հանդիսատեսին։ Չնայած իր մեկնությամբ պիեսը բեմադրվել է միայն մեկ անգամ համալսարանական միջավայրում՝ շեքսպիրագետները բարձր են գնահատել նրա ջանքերը: 2019 թվականին Մամուլյանի «Համլետ»-ի ադապտացիան ներկայացվել է ժամանակակից ռեժիսորներին Բեռլինի կինոակադեմիայի ամենամյա փառատոնում։
Այսօր էլ հայերն աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են իրենց հարգանքի տուրքը մատուցել Շեքսպիրին շարունակական թարգմանություններով, բեմադրություններով և փառատոններով: 2005 թվականից Հայաստանը վերսկսեց շեքսպիրյան փառատոնների ավանդույթը՝ Երևանում ներկայացնելով նոր մեկնություններ և ցուցադրելով լավագույն պիեսները:
Հատկանշական է, որ 2012 թվականին Հայաստանը ներառվեց աշխարհի 37 երկրների բացառիկ ցանկում, որոնք Շեքսպիր են բեմադրել «Գլոբուս» թատրոնում, որտեղ ժամանակին իր իսկ պիեսներն է խաղացել Շեքսպիրը։
Այնուամենայնիվ, գիտական շրջանակներում Շեքսպիրի հայկական ասոցիացիայի հիմնադիր Հասմիկ Սեյմուրը նշում է, որ Հայաստանում շեքսպիրագետների նոր սերնդի կարիք կա: 2016 թվականին հիմնադրված ասոցիացիան, որի անդամ են Հայաստանից և Մեծ Բրիտանիայից նվիրյալ հետազոտողներ և գիտնականներ, ձգտում է զարգացնել մշակութային փորձի փոխանակումը և կրթությունը շեքսպիրյան հետազոտության և կատարողականության ոլորտում:
