Թվում է, թե երկար ժամանակ հայոց հայրենիքը աշխարհի այն փոքրիկ անկյունն է եղել, որը մեր օտարերկրացի ընկերներն ու ծանոթները կդժվարանային անգամ գտնել քարտեզի վրա: Սակայն արի ու տես, որ Հայաստանը հյուրընկալել է մի շարք նշանավոր այցելուների, ընդ որում՝ ոչ միայն հանրաճանաչ հայերի, ինչպիսիք են՝ Շառլ Ազնավուրը և Պատրիկ Ֆիորին Ֆրանսիայից, կամ Շերը, Քարդաշյանները, Վիլյամ Սարոյանը, Սերժ Թանկյանը և այլք ԱՄՆ-ից: Իր պատմության ընթացքում Հայաստանը գրկաբաց ընդունել է գիտական, մշակութային, կրոնական, քաղաքական և ժամանցի ոլորտների մեծանուն դեմքերի: Հնարավոր է` շատերը չգիտեն էլ, որ նրանք երբևէ այցելել են Հայաստան և մեր երկրի անունը դրոշմել ոչ միայն իրենց անձնագրերում, այլև՝ հիշողություններում։
Գրողներ
Վիլյամ Սարոյանը հայտնի է որպես հայ գրող ու ազգային արժեք, սակայն շատերս գաղափար անգամ չունենք, թե որքան հաճախ էր արձակագիրն ու թատերագիրն այցելում իր նախնյաց երկիր: Փաստացի, նա այնքան կապված էր Հայաստանին, որ նույնիսկ խնդրել էր իր մահից հետո մասունքների մի մասն ամփոփել այստեղ: Սակայն նա Ամերիկայից ժամանած միակ հայտնի հեղինակը չէ: Իր «Ցասման ողկույզները» (The Grapes of Wrath) և «Մկների և մարդկանց մասին» (Of Mice and Men) վեպերի համար գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալուց մեկ տարի անց, Ջոն Սթայնբեքը, որպես Բարի կամքի դեսպան, գալիս է Խորհրդային Միություն՝ Կարիբյան ճգնաժամից հետո Ամերիկայի և Խորհրդային Միության միջև հարաբերությունները մեղմացնելու նպատակով։ Ասում են, որ Երևանում եղած ժամանակ Սթայնբեքը մասնակցել է Սայաթ-Նովայի 250-ամյակին նվիրված միջոցառումներին, վարպետ Մարտիրոս Սարյանը նկարել է նրա դիմանկարն, իսկ Հովհաննես Շիրազը` հյուրընկալել իր այգիներում:
Հաջորդ տարի գրող և բանաստեղծ Ջոն Ափդայքն իր գործընկեր արձակագիր Ջոն Չիվերի հետ միասին այցելում են Երևան։ Այցը տեղի է ունենում նրանց՝ խորհրդային քաղաքներով շրջագայության շրջանակներում, որի արդյունքում Ափդայքը գրում է իր «Բացիկներ խորհրդային քաղաքներից» (Postcards from Soviet Cities) բանաստեղծությունների ժողովածուն, որոնցից մեկը՝ «Երևան» վերնագրով: Բանաստեղծության մեջ Ափդայքը Երևանը նկարագրում է որպես «Տուֆակերտ օթևան, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին, իսկ Արարատը, քաղաքի վրա թևածելով, հսկում է այն բարձունքից»։ Քաղաքը տեսած ցանկացած այցելու կհաստատի, թե որքան ճշգրիտ է արված նկարագրությունը:
Արդեն անկախության տարիներին ամենահիշարժան այցերից էր 2004 թվականին բրազիլացի արձակագիր Պաուլու Կոելիուի այցը Հայաստան, ով եկել էր մասնակցելու իր «Ալքիմիկոսը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Գրողների տունը վերջին անգամ այդքան լեփ-լեցուն եղել էր տասնամյակներ առաջ՝ Վիլյամ Սարոյանի ելույթի ժամանակ: Իր այցը դեպի Հայաստան նկարագրելիս Կոելիուն ասել է. «Հայաստանը վեպ գրեց իմ սրտում»:
Ալեքսանդր Պուշկինը երիտասարդ տարիքում Կովկասով ճամփորդում էր դեպի Էրզրում՝ այցելելու այնտեղ բնակություն հաստատած եղբորը: Լոռվա մարզի այժմյան Ստեփանավան քաղաքի հարավում, սարերով ճամփորդելիս, մեծն բանաստեղծը հանդիպում է մի քանի տղամարդկանց, ովքեր եզները լծած սայլով բեռ էին քարշ տալիս: Պուշկինը հարցնում է, թե ինչ են տանում և ահ ու սարսափ ապրում, երբ լսում է՝ «սպանված Գրիբոյեդովն է», ում տանում էին Թիֆլիս թաղելու: Ռուս դրամատուրգ և բանաստեղծ Գրիբոյեդովը, ով նաև դիվանագիտական առաքելություն էր իրականացնում, Պուշկինի ընկերն էր, ում կատակերգական թատերագրությունները Պուշկինի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսացել։
Հայաստանի լեռներում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումը հետագայում հիշատակվել է տարբեր ձևաչափերով, ինչպես օրինակ՝ Մարտիրոս Սարյանի կտավում կամ այդ վայրում (այժմ՝ Պուշկինի լեռնանցք) տեղադրված հուշարձանով:
Սևանա լիճը հայտնի գոհար է, որ անդադար գրավել է բնության սիրահարներին ու առօրյա կյանքի եռուզեռից հանգստություն փնտրողներին: Սևանի գրողների միության հանգստյան տունը, որը կառուցվել է 1920-ական թվականներին, հետագայում՝ 1960-ական թվականներին, ընդլայնվեց ու վերածվեց ավանգարդ ոճով մոդեռնիստական կառույցի: Այնտեղի ականավոր այցելուներից էր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, ով իր փորձառությունը նկարագրել է «Ճամփորդություն դեպի Հայաստան» (Journey to Armenia) գրքում, իսկ նրա վերջին ստեղծագործությունը հրատարակվել է նրա՝ Ստալինի կողմից ձերբակալվելուց անմիջապես առաջ:
1957 թվականին հանգստյան տունը հյուրընկալել է նաև չիլիացի բանաստեղծ, ապա՝ քաղաքական գործիչ Պաբլո Ներուդային, ով գրել է. «Սևանի մաքուր ջրերն արտացոլում են Հայաստանի կապույտ, անմոռանալի երկինքը»: Նա Երևանն անվանել է «իմ տեսած ամենագեղեցիկ քաղաքներից մեկը», որի տուֆից կառուցված շինությունները հաղորդում են նրան «վարդագույն ներդաշնակություն»: Նա Բյուրականի աստղադիտարան կատարած իր այցը ևս անմոռանալի է անվանել, որտեղ «առաջին անգամ տեսել է աստղերի գրած գործերը»:
Թերևս Հայաստան այցելած ամենահայտնի զույգերից մեկը էքզիստենցիալ փիլիսոփաներ Ժան Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարն էին, ովքեր այդ ժամանակ Հայաստանում դեռ ճանաչում չէին վայելում։ Նրանք ընթրել են Գրողների միության հանգստյան տանը՝ համտեսելով Սևանի իշխան, իսկ դը Բովուարը Սևանի բնապատկերը նկարագրել է որպես «Վառ կապույտ լիճ, մեջտեղում՝ վարդագույն քաոս հիշեցնող անապատ»: Նրանք նաև այցելել են Սբ. Էջմիածնի կաթողիկոսարան, և Բովուարը հայ ժողովրդին նկարագրել է. «Կարծես կյանքով լեցուն են. սև բեղերով, թավշյա աչքերով տղամարդիկ և մուգ մազերով, ձիթենու գույնի մաշկով և հաճախ գեղեցիկ արտաքինով կանայք»:
Գիտնականներ
Հայաստանն ունի փոքր երկրի համբավ, որն ունակ է մեծ հաջողություններ գրանցել գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում: Հետևաբար քիչ չեն այդ ոլորտներից ակնառու դեմքերը, ովքեր այցելել են Հայաստան:
1971 թվականին Արագած լեռան լանջին գտնվող Բյուրականի աստղադիտարանում կայացավ նորարարական մի հանդիպում 20-րդ դարի երկրորդ կեսի անվանի բժիշկների, մաթեմատիկոսների և աստղագետների մասնակցությամբ: Ստեղծվեց CETI սեղմանունը՝ խորհրդանշելու գիտաժողովի թեման՝ «Հաղորդակցություն արտերկրային քաղաքակրթությունների հետ», որը հետագայում վերանվանվեց SETI-ի (արտերկրային քաղաքակրթությունների փնտրտուքներով) և դարձավ միջազգայնորեն ընդունված տերմին:
Կազմակերպչական հանձնաժողովի կազմում էին աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը և հանրաճանաչ գիտնական Կարլ Սագանը, ով Բյուրականը նկարագրել է որպես «բեկումնային վայր արտերկրային քաղաքակրթությունների փնտրտուքներում»: Մեկ այլ գիտնական այն անվանել է վայր, որ հնարավարություն կտա SETI-ին, այլմոլորակայինների և ՉԹՕ-ների մասին պատմող գիտաֆանտաստիկ պատկերացումներից զատ, տալ նաև գիտական հենք։ Գիտաժողովի այլ նշանավոր մասնակիցների թվում էր նաև ԴՆԹ մոլեկուլը հայտնաբերած գիտնականներից ֆրենսիս Քրիքը և Նիկոլայ Քարդաշևը, ով հայտնի է իր Քարդաշևի սանդղակ քաղաքակրթության տեխնոլոգիական առաջընթացի չափման մեթոդով։
Գիտաժողովին քննարկվել են աստղեր փնտրելու և դրանց ազդանշաններ ուղարկելու մեթոդները, նոր դիզայնով աստղադիտակները, որոնք կօգնեին ավելին տեսնել ու բացահայտել տիեզերքում՝ եզրահանգելով, որ հնարավոր է՝ տիեզերքում կան տեխնոլոգիապես զարգացած միլիոնավոր քաղաքակըրթություններ:
Վերջին տասնամյակներին Հայաստան է այցելել նաև Դոնալդ Կնուտը, ով հայտնի է որպես «ալգորիթմի վերլուծության հայր»: Այցելելով Մատենադարան՝ նա հարգանքի տուրք է մատուցել հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին՝ ծնկի գալով Մատենադարանի դիմաց կանգնեցված Մաշտոցի արձանի առջև: Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Հայաստան է այցելել 2011 թվականին և հանդիպումներ ունեցել հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների հետ, և նրան Հանրապետության հրապարակում տեսել են սեգվեյ քշելիս:
Արվեստագետներ
Չնայած իր ժամանցային աշխուժությամբ Երևանը Հոլիվուդ, Նյու Յորք կամ Փարիզ չէ, այն միևնույն է միշտ գրավել է ժամանցի ոլորտի համաշխարհային աստղերին: Դա հիմնականում աշխարհասփյուռ հայության ջանքերի շնորհիվ է, ովքեր, ծառայելով որպես բարի կամքի դեսպաններ, Հայաստանը գովազդում են որպես պարտադիր այցելելու հիասքանչ երկիր։
Բնականաբար Քարդաշյանների շնորհիվ էր, որ ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը ժամանեց Հայաստան, այցելեց ԹՈՒՄՈ՝ ծանոթանալու այնտեղի երաժըշտական ծրագրին, ապա անմոռանալի անակնկալ մատուցեց՝ համերգ տալով Կարապի լճում:
Կոնան Օ՛Բրայենն իր ուշ գիշերվա շոուի թողարկումներից մեկը նվիրել է Հայաստան կատարած իր ճամփորդությանը, որը նախաձեռնել էր իր ամերիկահայ օգնական Սոնա Մովսեսյանի խորհրդով։ Հաղորդումը բավականին զվարճալի էր ստացվել։
Հենց Սերժ Թանկյանն է լուսահոգի Էնթոնի Բուրդենին տվել իր «Խոհանոցային ճանապարհորդություններ» հաղորդման մի դրվագ Հայաստանին նվիրելու գաղափարը, որտեղ ներառել է նաև Արցախ կատարած զբոսարշավը: Նախկին UFC չեմպիոն մարտիկ Ռոնդա Ռոուզին երկար տարիներ մարզվել է հայազգի մարզիչների մոտ և, ի նշան հարգանքի, 2015 թ.-ին Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ այցելել է Հայաստան՝ իր հարթակն օգտագործելով հայկական հարցի շուրջ ուշադրություն գրավելու համար: Ուղիղ մեկ տարի անց կինոյի համաշխարհային աստղերից մեկը՝ Ջորջ Քլունին, այցելեց Երևան՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակաբաշխությանը:
Երևանը շատ է փոխվել 1993 թվականին երգչուհի և դերասանուհի Շերի՝ Հայաստան այցելությունից ի վեր։ Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքը դեռ ապրում էր իր մութ ու ցուրտ տարիները։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրա այցը People ամսագրում լուսաբանել է Սյուզան Չիվերը, ում հայրը՝ Ջոն Չիվերը երեք տասնամյակ առաջ այցելել էր Հայաստան Ջոն Այփդայքի հետ։
Քաղաքական գործիչներ
Երբ մտածում ենք Հայաստանի հետ կապ ունեցող ամերիկացի քաղաքական գործիչների մասին, առաջինը մտաբերում ենք ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո նա պարտքի զգացումով էր լցված հայ վիրաբույժ Համբարձում Քելիքյանի հանդեպ, ով ոչ միայն բուժել էր ձեռքը, այլև հաշմանդամությունը հաղթահարելու ժամանակ գոտեպնդել և հոգեբանական աջակցություն էր ցուցաբերել նրան: 1997 թվականին Դոուլը դր. Քելիքյանի դստեր հետ այցելեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծառ տնկեց ի հիշատակ իրեն փրկած բժշկի։
Դոուլն առաջին անգամ Հայաստան այցելել էր 1989 թվականին իր տիկնոջ՝ Աշխատանքի հարցերով քարտուղար Էլիզաբեթ Դոուլի հետ՝ մարդասիրական օգնություն հասցնելու ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիներին՝ նորընտիր նախագահ Ջորջ Բուշի անունից: Երբ Բուշն արդեն ընտրվել, բայց դեռ չէր սկսել պաշտոնավարել որպես ԱՄՆ նախագահ, նրա որդին՝ Ֆլորիդայի ապագա նահանգապետ Ջեբ Բուշը, Սուրբ ծննդյան նախօրեին այցելեց Հայաստան, որտեղ իր 12-ամյա որդու՝ Ջորջի հետ խաղալիքներ բաժանեց երկրաշարժից տուժած երեխաներին։
Քաղաքացիական իրավունքների առաջնորդ Ջեսսի Ջեքսոնը ևս այցելել է Հայաստան, ոչ միայն մարդկանց հուսադրելու և օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Իր այցի ժամանակ նա հանդիպում է ունեցել Վազգեն Ա Կաթողիկոսի հետ և ճնշում գործադրել խորհրդային իշխանությունների վրա, որպեսզի մարդկանց կրոնական ազատություն տան: Նրան նույնիսկ մեկ անգամ բանտարկել են, երբ, իր ակտիվիստի էությունը չզսպելով, բանավեճի է բռնվել մի պաշտոնյայի հետ հայազգի բանտարկված այլախոհների հարցի շուրջ:
Մինչ օրս ԱՄՆ-ից Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։ Նորանկախ հետխորհրդային երկրներ կատարած շրջագայության ժամանակ առաջինն Հայաստան է այցելել Ջեյմս Բեյքերը 1992 թվականի փետրվարին: Որպես ԱՄՆ պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնը Հայաստան է այցելել երկու անգամ՝ 2010 և 2012 թվականներին՝ խթանելու հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու գործընթացը և կոչ անելու կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:
Քչերը գիտեն, որ Հայաստան է այցելել նաև ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին դատավոր Անտոնին Սկալիան՝ մասնակցելու 1995 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող իրավական թեմայով գիտաժողովին, որի նպատակն էր նպաստել նորանկախ կառավարությունում անկախ դատական համակարգ ստեղծելու գործընթացին:
Վերջերս Հայաստան այցելած քաղաքական գործիչներից էր նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ 2022 թվականի այցի ավարտից հետո Փելոսին նշել է, որ «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում»:
Պետությունների միջև հարաբերություններ զարգացնելու կամ բարեկամությունը վերահաստատելու նպատակով Հայաստան այցելել են նաև շատ այլ երկրների քաղաքական գործիչներ։ Նրանց թվին են պատկանում Ֆրանսիայի նախագահներն, ում համար դեպի Հայաստան այցը դարձել է արդեն ավանդույթ, ինչպես օրինակ՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը և Էմանուել Մակրոնը: Մակրոնի այցերից մեկը եղել է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առթիվ, որի ժամանակ Երևանը հյուրընկալեց 54 պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ում հայրը՝ Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Թրյուդոն այցելել էր Հայաստան 1984 թվականին:
Հայ արվեստագետ Մարիամ Ասլամազյանի հետ հանդիպումից ոգեշընչված՝ Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին Խորհրդային Միություն կատարած իր շրջագայության ընթացքում եղել է նաև Հայաստանում, որի ժամանակ այցելել է Մատենադարան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Թերեզան մեկ այլ ականավոր գործիչ էր, ով 1988 թվականի երկրաշարժից հետո Հնդկաստանից եկավ Հայաստան:
Հայաստան այցելած կրոնական այլ առաջնորդների թվին են պատկանում Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլիամսը և Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը, ինչպես նաև Ֆրանցիսկոս պապը, ով Հայաստան այցելեց 2016 թվականին:
Բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր խթանել ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների պահպանումը Երևանում, այն ժամանակ Ուելսի արքայազն, այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը 2013 թվականին մասնավոր այցով եկավ Երևան։ Բելգիայի թագավոր Ֆիլիպն իր ընտանիքի հետ միասին 2018 թվականին ընտանեկան արձակուրդն անցկացրել է Հայաստանում՝ գինեգործության շրջայցի մասնակցելով և Սևանա լճում օդապարուկ թռցնելով: Իսկ 2020 թվականի փետրվարին՝ համաշխարհային համավարակի սկսվելուց ընդամենը օրեր առաջ, Հայաստանը թագավորական ընդունելություն կազմակերպեց Աբդուլա II թագավորի համար։
Շատերը կհիշեն «Ֆուտբոլային դիվանագիտություն»-ը, որը Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտություն հաստատելուն միտված փորձ էր։ Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այցելեց Հայաստան՝ Երևանում դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Գյուլը չհետևեց Հայաստան դիվանագիտական այց կատարելու ընդունված կարգին և իր պաշտոնական այցի ժամանակ հրաժարվեց այցելել Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիր: Սակայն խաղն անցկացվեց Հրազդան մարզադաշտում՝ հուշահամալիրից ընդամենը մի քան մետր հեռավորության վրա, որը վառ լուսավորված, պարզ երևում էր մարզադաշտից, ինչն անկասկած անհարմարություն պատճառեց նրան:
Կինոռեժիսորներ և դերասաններ
Ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային կինոյի հսկա Անդրեյ Տարկովսկին իր թեզի մաս կազմող կարճամետրաժ «Գլանիվն ու ջութակը» (Каток и скрипка)կինոնկարը նկարել է Երևանում 1960 թվականին: Ֆիլմն ավարտելուց հետո էլ իր բազմաթիվ ընկերների և գործընկերների շնորհիվ նա շատ անգամներ է ճամփորդել Հայաստան: Հայաստանյան արկածների ժամանակ այցելել է Սյունիք և զմայլվել մարզի գեղեցկությամբ ու լողացել Հրազդանի կիրճում դերասան Սոս Սարգսյանի հետ, ով նոր էր նկարահանվել Տարկովսկու «Սոլարիս» ֆիլմում: Հայաստան այցելած մեկ այլ նշանավոր աստղ էր բրիտանական կինոյի լեգենդ Մայքլ Քեյնը:
Դասական երաժիշտներ
Սևանի գրողների միության հանգըստյան տան մեկ այլ՝ այլընտրանքային վայր էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը երգահան Էդվարդ Միրզոյանի մտահղացմամբ էր ստեղծվել: Շուտով այն ԽՍՀՄ և այլ վայրերից ժամանած երաժիշտների համար դարձավ հայտնի ժամանցի վայր: Իր ծաղկուն շրջանում՝ 1960-1980-ական թվականներին, ստեղծագործական տունը եղել է մեծ մտավորականների գրեթե անհավանական հանդիպումների վայրը, ինչպես օրինակ՝ ֆուտբոլային խաղեր Առնո Բաբաջանյանի և բալերինա Մայա Պլիսեցկայայի մասնակցությամբ և Դմիտրի Շոստակովիչի մրցավարությամբ: Բենջամին Բրիտտենն այստեղ եղել է իր զուգընկեր տենոր Փիթեր Փիրսի հետ և կատարել է իր «Բանաստեղծի արձագանքը» (The Poet’s Echo) ստեղծագործությունը, որը նվիրվել էր իր ընկերներ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին և սոպրանո Գալինա Վիշնևսկայային, ում հրավիրել էր Դիլիջան՝ իրենց միանալու: Խորհրդային Միության փլուզումից հետո շենքի որոշ հատվածներ հայտնվել են անհուսալի վիճակում և դրանք պահպանելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։
Ժամանակակից երաժիշտներ
Հայաստանը հյուրընկալել է նաև ժամանակակից մի շարք ռոք երաժիշտների, որոնցից ամենաականավորներից մեկն Էլթոն Ջոնն էր: Rocket Man-ը Հայաստան էր ժամանել մարդասիրական այցով իր՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի անունից, որի ընթացքում այցելեց հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն:
Իէն Գիլլանը Deep Purple-ից և Թոնի Այոմին Black Sabbath-ից Հայաստան այցելել են ոչ մեկ անգամ, առաջինը՝ 1989 թվականին «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում՝ աջակցելու Սպիտակի երկրաշարջից փրկվածներին: Առաջին այցից հետո ամուր կապեր ստեղծելու արդյունքում նրանք հաճախ են աջակցել Հայաստանին ու հայ ժողովրդին։ 2011 թվականին մասնակցել են Գյումրիի երաժշտական դպրոցի բացմանը, որը վերանորոգվել էր հենց իրենց խմբի՝ WhoCares-ի թողարկած ալբոմից ստացված գումարներով: 2019 թվականին Հայաստան կատարած մեկ այլ այցելության ընթացքում Նարեկացի արվեստի կենտրոնի ժողովրդական նվագարանների նվագախումբը նրանց համար կատարեց Deep Purple-ի հանրահայտ Smoke on the Water երգը, որը 1989-ին վերաձայնագրվել էր «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում:
Հանրահայտ լիվերպուլյան քառյակի՝ The Beatles-ի անդամներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի նախկին կանայք՝ Սինթիա Լենոնը և Փեթի Բոյդն այցելել են Երևան 2009 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման առթիվ: The Beatles-ի երաժշտությունը հատուկ նոստալգիա է առաջացնում նախկին խորհրդային երկրների ժողովուրդների մոտ. Հայաստանը ևս բացառություն չէ:
Թեև The Beatles-ն արգելված էր Խորհըրդային Միության տարիներին, նրանց երաժշտությունը վաճառվում էր ընդհատակ՝ դառնալով արևմտյան մշակույթին կապող յուրատեսակ փրկուղի:
Հայաստան այցելել է նաև Փիթեր Գաբրիելը, ով Մարտին Սկորսեզեյի «Քրիստոսի վերջին փորձությունը» (The Last Temptation of Christ) ֆիլմի համար գրած իր երաժշտությունում ընդգրկել էր հայկական դուդուկ։ Դրա շնորհիվ այն դարձավ կինոյի և հեռուստատեսության ամենահանրաճանաչ սաունդթրեքներից մեկը: Նա եկել էր մասնակցելու դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքին:
Փառատոններ
Հայաստանը միջազգային փառատոնների կենտրոն է, որն իր տեսարժան վայրերով գրավում է կինոյի ու երաժշտության հայտնի արվեստագետներին: Հայաստանի «Ոսկե ծիրան» փառատոնին, որի 20-ամյա գործունեությունը լրացավ 2022 թ.-ին, յուրաքանչյուր տարի մասնակցում են մի շարք անվանի հյուրեր, այդ թվում՝ Ժաքլին Բիսեն և Կլաուդիա Կարդինալեն, սցենարիստ Փոլ Շրեյդերը, ով հայտնի է իր «Տաքսու վարորդը» (Taxi Driver), «Կատաղած ցուլը» (Raging Bull) և «Քրիստոսի վերջին փորձությունը» (The Last Temptation of Christ) ֆիլմերով, ինչպես նաև կինոռեժիսոր Շոն Բեյքերը, ով իր ֆիլմերում ընդգրկել է հայի կերպարներ: Այս ամենամյա հեղինակավոր միջոցառմանը մասնակցել են նաև Դարեն Արանոֆսկին և Թերրի Ջորջը:
2017 թվականին ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Ջոն Մալկովիչը Երևան ժամանեց՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնին: Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կատարեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և շիրիմների մասին« (On Heroes and Tombs) վեպի «Զեկույց կույրերի մասին» (Report on the Blind) գլուխը և Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը: Իր այցի ընթացքում նա եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և պաշտոնական հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահի հետ:
Հայաստանում անցկացվող ամենամյա ջազ փառատոնը նույնպես առիթ է հանդիսացել, որ Հայաստան գան այդ ժանրի լեգենդները, ինչպես օրինակ՝ դաշնակահար Չիկ Կորեան, բասիստ Մարկուս Միլլերը և երգչուհի Դի Դի Բրիջուոթերը: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է երգիչներ Ջո Կոկերի, Լառա Ֆաբիանի և Ջորջ Բենսոնի, սոպրանո Ռենե Ֆլեմինգի և տենորներ Անդրեա Բոչելլիի ու Պլասիդո Դոմինգոյի համերգները Երևանում: Ազգությամբ ֆրանսիացի ջազ երգչուհի Զազը նույնպես եղել է Հայաստանում, երբ այստեղ անցկացվում էր Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթնաժողովը։ Մի քանի տարի անց՝ 2022 թվականի ամռանը, նա նորից եկավ Երևան՝ այս անգամ ՀԱՅԱ փառատոնի համերգաշարին մասնակցելու, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև ռեփեր 50 Cent-ը:
Անցյալ տարի Երևանը հյուրընկալեց STARMUS փառատոնը, որի շրջանակներում համերգով հանդես եկավQueen խմբի համահիմնադիր և աստղաֆիզիկոս դր. Բրայան Մեյը։
Հարկ է նշել նաև, որ տարիների ընթացքում մի շարք անվանի արվեստագետներ, ովքեր ելույթ են ունեցել Թբիլիսիում կամ Մոսկվայում, երբեմն այցելել են նաև Հայաստան՝ այստեղ ևս ելույթ ունենալու։ Սակայն կենդանի կատարումների մեծ մասը հնարավոր է դարձել Հայաստանում անցկացվող փառատոնների, ինչպես նաև տեղացիների և սփյուռքահայերի՝ հայտնի արվեստագետների հետ ունեցած կապերի և դրական հարաբերությունների շնորհիվ: