Ուշագրավ կադրեր

Հայ լուսանկարիչներ, ովքեր հավերժացրել են խորհրդանշական ակնթարթներ


19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին հայերը ոչ միայն գերիշխող դեր են ունեցել լուսանկարչության ոլորտում, այլև հստակ զգացել ու գնահատել են կադրի՝ մարդկանց սրտերն ու մտքերը փոխելու կարողությունը։ Եթե չլիներ տեսողական այս հզոր հայտնագործությունը, աշխարհը գուցե և չարթնանար ու չլսեր հայ որբերի և Ցեղասպանությունից փրկվածների տառապանքը, ովքեր ժամանակի ֆոտոլրագրության շնորհիվ մեծ օժանդակություն ստացան Մերձավոր Արևելքի հիմնադրամի, ամերիկացի բարերարների և անհատ նվիրատուների կողմից տրամադրված հսկայական ֆինանսական միջոցների շնորհիվ: Անշուշտ, առանց ֆոտոլրագրության դժվար կլիներ նաև հակազդել Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ժխտելու ջանքերին:

Ձեզ ենք ներկայացնում ուշագրավ կադրեր, որոնք անմահացել են տաղանդաշատ հայ լուսանկարիչների ձեռքով։

Մռնչացող առյուծը

Նկար
Winston Churchill

Winston Churchill

Ուինսթոն Չերչիլը հայտնի էր իր կոշտ ու կոպիտ նիստուկացով. մեկն էր, ով սիրում էր ամեն ինչ իր ուզածով անել: 1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Կանադայի խորհրդարանում նա հանդես եկավ վճռական ելույթով՝ կոչ անելով դիմադրել Եվրոպայում նացիստների սպառնալիքներին: Խորհրդարանի պալատից դուրս գալիս Չերչիլը զարմացավ, երբ տեսավ իրեն լուսանկարելու համար հատուկ դիրք ընդունած Յուսուֆ Քարշին: Այդ հանդիպումը կազմակերպել էր Կանադայի վարչապետ Մաքքենզի Քինգը, ով Քարշի մեծ երկրպագուն էր:

Չերչիլը դժկամորեն համաձայնեց լուսանկարվել, սակայն պնդեց, որ այդ ընթացքում պետք է թարմ սիգար ծխի: Գործի մեջ կլանված Քարշը մոտեցավ  խստաբարո վարչապետին և նրա բերանից խիզախ շարժումով քաշեց սիգարը: Դրա արդյունքում Չերչիլի դեմքին հայտնված զայրույթի շնորհիվ լուսանկարը դարձավ նրա ամենահայտնի դիմալուսանկարներից մեկը, որը հստակ արտահայտում էր Չերչիլի՝ տվյալ պահի հոգեվիճակը։ Միլիոնավոր մարդկանց աչքում Բրիտանիայի մռնչացող առյուծը միշտ ասոցացվում էր Քարշի հենց այս լուսանկարի և դրա հետ կապված պատմության հետ:

Յուսուֆ Քարշ    

Հովսեփ Քարշյանը ծնվել է 1908 թվականին Թուրքիայի Մարդին քաղաքում Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա  ընտանիքը ենթարկվել է բազմապիսի հալածանքների: Հալածանքներից փրկված ընտանիքի մի քանի անդամ, այդ թվում՝ երիտասարդ Յուսուֆը, ոտքով փախչում են Սիրիայի Հալեպ քաղաք: Մեկ տարի անց ընտանիքը Քարշին ուղարկում է Կանադա: Մի շարք լուսանկարիչների մոտ ուսանելուց հետո Քարշը խանութ է բացում Օտտավայում:

Մինչ 1993 թվականին թոշակի անցնելը՝ իր 60-ամյա կարիերայի ընթացքում Քարշը եղել է աշխարհի ամենաճանաչված և պահանջված լուսանկարիչներից մեկը: Նա լուսանկարել է քաղաքականության, գիտության և արվեստի ամենաականավոր գործիչներին, ինչպիսիք էին՝ Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Եղիսաբեթ թագուհին: Նրա լուսանկարները զարդարել են Life Magazine ամսագրի շապիկն առնվազն 20 անգամ: Քարշը վախճանվել է 2002 թվականին:

Հաղթանակի գրկախառնություն

Նկար
Victory Hug

Victory Hug

Ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանկջյանը դեռ նոր էր ավարտել Յեյլ համալսարանը, երբ 2008 թվականին նրան հնարավորություն ընձեռվեց լուսաբանել Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավը, որի ժամանակ նա արել է շուրջ 10,000 լուսանկար։ Սակայն մի լուսանկար կար, որը յուրահատուկ կերպով գրավեց մարդկանց ուշադրությունն ու այնուհետև՝ սրտերը. դա մի երեկո Այովայում արված՝ զույգի գրկախառնության լուսանկարն էր։ Սոցիալական ցանցերում հրապարակելուց ընդամենը ժամեր անց «Հաղթանակի գրկախառնություն»-ը լայնածավալ արձագանքի արժանացավ։ Տասնհինգ տարի անց այն դեռ համարվում է Facebook-ում ամենաշատ հավանումներ ստացած և Twitter-ով ամենաշատ տարածված լուսանկարներից մեկը: Հենց Թուֆանկջյանն էր պնդել, որ զույգը լուսանկարվի հասարակ, առօրյա իրավիճակում, այլ ոչ որպես նշանավոր դեմքեր, որով էլ, թերևս, պայմանավորված է այս արդեն իսկ խորհրդանշական դարձած լուսանկարի հաջողությունը:

Անշուշտ, Օբաման ունի շատ այլ ճանաչված լուսանկարներ, ինչպիսիք են՝ «Օբաման շրջապատված երեխաներով» կամ «արջի գրկախառնություն» (bear hug) լուսանկարը, սակայն Օբամայի ու կնոջ գրկախառնությունն էր այն պահը, որ մարդկանց ստիպեց ավելի մոտ զգալ առաջնորդներին. այն կարծես անմահացրել էր նրանց առօրյան: Ինչպես Թուֆանկջյանն է ասել Slate ամսագրին՝ «Նկարն արտացոլում է այն գաղափարը, որ մարդիկ Օբամաներին վերաբերվում են որպես հասարակ մարդկանց, այլ ոչ որպես հանրային գործիչների»: Դիտողները կարծես համամիտ են, իսկ այդ կադրն համալրել է լուսանկարչության պատմության տարեգրության շարքերը:

Սքաութ Թուֆանկջյան

Թուֆանկջյանը, ով ծնվել է 1977 թվականին Բոստոնի ծայրամասում իռլանդացի մոր և հայ հոր ընտանիքում, հիշում է, թե ինչպես է մեծացել հայկական ժառանգության մասին բանավոր ու գրավոր պատմությունների ուղեկցությամբ: 2008 թվականին նա հրատարակեց Օբամայի քարոզարշավի մասին պատմող իր «Այո՛, մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմություն կերտող քարոզարշավը» գիրքը, որը շատ արագ դարձավ մեծ ժողովրդականություն վայելող բեսթսելեր: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին զուգընթաց՝ Թուֆանկջյանը ձեռնամուխ եղավ լուսանկարել աշխարհասփյուռ հայության տարբեր ներկայացուցիչների իր «Կա միայն Երկիրը. լուսանկարներ հայկական սփյուռքից»

նախագծում: Նրա այլ գործերի թվին են պատկանում «Հայիթի 2010. Հայիթիի երկրաշարժը» և «Եգիպտոս 2011-2012. հեղափոխության տարին» աշխատանքները: Երկրի առաջատար ֆոտոլրագրողներից մեկը համարվող Թուֆանկջյանն այժմ բնակվում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում:

Քսաներորդ դարի Մադոննան

Նկար
Twentieth Century Madonna

Twentieth Century Madonna

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժն անկասկած մեր երկրի պատմության ամենամութ էջերից է: Հաշված վայրկյանների ընթացքում կործանվեցին հազարավոր կյանքեր: Արհավիրքից ժամեր անց Խաչատրյանն արդեն աղետի գոտում էր ու, նույնիսկ փորձառու լուսանկարիչ լինելը չօգնեց նրան չցընցվել այն տեսարանից, որի ականատեսը դարձավ։ Խաչատրյանի և այլ լուսանկարիչների տեսախցիկները ֆիքսում էին ոչ ալյ ինչ, քան մարդկային ողբերգությունն ու տառապանքը:

Գյումրիում գտնվելու ժամանակ նա լսում է Մարինե Նուրոյան անունով մի կնոջ մասին, ում դուրս էին բերել փլատակների տակից իր երեխայի հետ միասին: Նրա մյուս երկու դուստրերը, որոնք դպրոցում էին եղել երկրաշարժի ժամանակ, նույնպես փրկվել էին: Նուրոյանի ամուսինն ուրախությունից գլուխը կորցրել էր՝ իմանալով, որ նրանք բոլորը ողջ են: Խաչատրյանը հավերժացնում է այդ ակնթարթը՝ փրկված ընտանիքին լուսանկարելով, որն էլ արագ տարածում է գտնում միջազգային մամուլում՝ հայտնըվելով The New York Times ամսագրի շապիկին։ Լուսանկարը հետագայում ստանում է «Քսաներորդ դարի Մադոննան» անունը:

Նուրոյանների ընտանիքի հետ մոտ քսան տարի կապ պահելուց հետո Խաչատրյանը Մարինեին ևս մեկ անգամ լուսանկարեց, այս անգամ թոռների հետ՝ որպես գոյատևման խորհրդանիշ: Նրանք տեսախցիկի առջև են նույն կեցվածքով, ինչ 1988 թվականին արված առաջին լուսանկարում:

Մխիթար Խաչատրյան

Մխիթար Խաչատրյանը ծնվել է Երևանում 1960 թվականին: Նա հիշում է, թե ինչպես են ծնողները տեսախցիկ շահել վիճակախաղով և որոշել այն տալ իրենց 10-ամյա որդուն: Երբեմն նա կատակում է, որ իր դեպքում լուսանկարչությունը «վիճակախաղով շահած մասնագիտություն է»:

Որպես ֆոտոլրագրող՝ Խաչատրյանն իր կարիերան սկսել է 1984 թվականին: Նա աշխատել է Արմենպրես և Ֆոտոլուր լրատվական գործակալություններում, ինչպես նաև Комсомолец թերթում: 1985 թվականից Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի լրագրողների միության անդամ և մասնակցել է մի շարք ազգային ու միջազգային լուսանկարչական ցուցահանդեսների:

Ընծան

Նկար
The Gift

The Gift

Ընդամենը 15 տարեկան հասակում նշանակալի հաջողության հասած, ծնունդով Իսրայելից Կարո Նալբանդյանին թույլ են տվել լուսանկարել աշխարհի ամենաակնառու առաջնորդներից մի քանիսին: Այս լուսանկարում Երուսաղեմի Ձիթենյաց լեռան վրա գտնվող Բեթղեհեմի եկեղեցում նա լուսանկարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ հույն պատրիարք Թեոֆիլոս III-ի կողմից ոսկեզօծ նկարը որպես ընծա ընդունելիս: Լուսանկարը խորհրդանշական է ոչ միայն իր նրբաճաշակ կոմպոզիցիայի շնորհիվ, այլ նաև, որ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին պատկերում է սոցիալական հաղորդության մեջ. ակնհայտ բարեկամական ժեստ, որը դրսևորվում է երկու քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների միջև՝ չնայած հարյուրամյակների տարանջատմանը:

Կարո Նալբանդյան

Նալբանդյանը ծնվել է 1943 թվականին Երուսաղեմում և իր կարիերայի վաղ տարիներին փաստագրել է Իրաքի ու Հորդանանի մի շարք ճգնաժամեր: Իր հայրենի Իսրայելում մեծ հարգանք վայելող Նալբանդյանը եղել է Իսրայել այցելած մի շարք համաշխարհային առաջնորդների պաշտոնական լուսանկարիչը, այդ թվում՝ Բելգիայի թագավորի, Հռոմի պապ Պողոս VI-ի և Երուսաղեմի հունական պատրիարքարանի: Նրա աշխատանքներն ընդգրկվել են բազմաթիվ գրքերում, ինչպիսիք են՝ «Երուսաղեմ. Հիսուսի քաղաքը» (1980), «Կենդանի քարեր. ուխտագնացություն սուրբ հողի քրիստոնյաների հետ» (2000), «Անցյալն ու ներկան» (1998): Իսրայելում և հարևան երկրներում Նալբանդյանի արած լուսանկարների հավաքածուն համարվում է տարածաշրջանում գոյություն ունեցող լուսանկարչական կարևորագույն արխիվներից մեկը:

Աշխարհի վատթարագույն ցիկլոնը

Նկար
The Gift

The Gift

1970 թվականի Բհոլա ցիկլոնը, որը տեղի ունեցավ Արևելյան Պակիստանի (այժմ՝ Բանգլադեշ) և Հնդկաստանի արևմըտյան Բենգալի ափերին, դեռ համարվում է երբևէ գրանցված ամենամահացու և աշխարհի ամենաավերիչ բնական աղետներերից մեկը, որը խլել է առնըվազն 300,000 մարդու կյանք և սկիզբ դրել քաղաքական խռովությունների: Միջազգային ճանաչում ունեցող լուսանկարիչ Հարրի Քունդակջյանն աղետի վայր է ժամանել աղետից անմիջապես հետո՝ բազմաթիվ լուսանկարների միջոցով ցույց տալու փրկվածների դժբախտ կացությունը: Ինչպես Washington Post-ում տպագրված այս լուսանկարում, բազմաթիվ այլ լուսանկարներում ևս շատերը պատկերված են մարդասիրական օգնությունից հասած բրինձն ուտելիս: Նրա ձեռքին պատկանող այս և նմանօրինակ շատ այլ լուսանկարներ հայտնվել են մի շարք միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին:

Հարրի Քունդակջյան

Ծնունդով Հալեպից փորձառու լուսանկարիչ Հարրի Քունդակջյանը 1960-ականներից մինչև 2006 թվականին թոշակի անցնելը անդամակցել է Associated Press-ին: Իր տպավորիչ կարիերայի ընթացքում նա փաստագրել է համաշխարհային խոշոր իրադարձություններ: Նրա մեծաքանակ հավաքածուն ներառում է՝ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Իրանի շահի թագադրությունը, 1978 թվականի Հորդանանի թագավոր Հուսեյնի ամուսնությունը թագուհի Նուռի հետ և 9/11-ի ահաբեկչությանը հաջորդած ժամանակաշրջանը, որը նա անցկացրել է իրեն որդեգրած ընտանիքում՝ Նյու Յորքում: 20-րդ դարի ականավոր գործիչներից նա լուսանկարել է Յասեր Արաֆաթին, Հենրի Քիսինջերին, Ռիչարդ Նիքսոնին, Հաֆեզ ալ-Ասադին, Բարբարա Ուոլթերսին, Լուի Արմսթրոնգին, Պիտեր Օ՛Թուլին և շատ ուրիշների:

Երբ 1992 թվականին նորանկախ Հայաստանի եռագույնը բարձրացավ Միավորված ազգերի կազմակերպությունում, այս հպարտ հայորդին միակ պրոֆեսիոնալ հայ լուսանկարիչն էր, որ այն ժամանակ այնտեղ էր գտնվում:

Գլամուր տղամարդը

Նկար
Van Leo

Van Leo

Հայտնի որպես Եգիպտոսի առաջին դիմալուսանկարիչ՝ Վան Լեոյի աշխատանքներն այնքան ազդեցիկ են, որ նրան մշտապես համեմատում են Արևմուտքի այնպիսի լեգենդների հետ, ինչպես, օրինակ, Ռիչարդ Ավեդոնն է։ Նրան The Economist-ը անգամ կոչել է «Եգիպտոսի ճառագայթ տղամարդը»: Հատկապես տպավորիչ են նրա՝ արաբական աշխարհի արվեստագետների և առաջնորդների անհավանական գլամուրային կադրերը: Թահա Հուսեյնը Եգիպտոսի 20-րդ դարի ամենաազդեցիկ մտավորականներից էր և եգիպտական վերածննդի առաջամարտիկը: Նա առնվազն տասնչորս անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Հետևաբար, Եգիպտոսում այս լուսանկարի վայելած ժողովրդականությունն առաջին հերթին պայմանավորված է հենց այս հանգամանքով. տեղացիները հարգանքով էին վերաբերվում այս լուսանկարներին, քանի որ նրանք Հուսեյնին տեսնում էին բարձրաշխարհիկ կյանքի համատեքստում:

Լուսանկարում նա ավելի շատ կինոաստղի, քան գրողի տեսք ունի՝ շնորհիվ իր համար պատվերով կարված կոստյումի, արևային ակնոցների ու հատուկ լուսավորության: Տարիների ընթացքում Լեոն լուսանկարել է այնպիսի հայտնի երգիչների և դերասանների, ինչպիսիք են՝ երգչուհի Դալիդան և դերասան Օմար Շարիֆը, որի շնորհիվ նրա՝ ուրույն ձեռագիր ու դրամատիկ հպում ունեցող աշխատանքները Միջին Արևելքում համարվում են ազդեցիկ ու խորհրդանշական գործեր:

Վան Լեո

Վան Լեոն (Լևոն Ալեքսանդր Բոյաջյան) ծնվել է 1921 թվականին Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում։ 1925 թվականին նրանց ընտանիքը փախել է Թուրքիայից, ապա արտագաղթել Եգիպտոս՝ շնորհիվ հոր՝ Բաղդադի երկաթուղային ընկերությունում ունեցած բարձր պաշտոնի:

Անգլիական դպրոցներ հաճախելու տարիներին Վան Լեոն տարվում է հոլիվուդյան աստղերով և այն գլամուրային աշխարհով, որում նրանք ապրում էին։ Շուտով նա սկսում է մեծ պահանջարկ վայելել հայտնի դերասանների, երգիչների և քաղաքական գործիչների շրջանում: Լուսանկարիչը նաև արձանագրել է այնպիսի եգիպտական հուշակոթողներ, ինչպիսիք են՝ Գիզայի բուրգերը։ Նա, ինչպես ինքն էր ասում, դարձել էր «ինքնադիմանկարների» առաջամարտիկը: Վան Լեոն վախճանվել է 2002 թվականին՝ թողնելով իր աշխատանքների ողջ հավաքածուն Կահիրեի ամերիկյան համալսարանին: Նրա աշխատանքներն այնքան հարուստ և կարևոր են, որ համարվում են Եգիպտոսի 20-րդ դարի բարձր հասարակության պատմական ժառանգությունը:

Թռչնի աչքով

Նկար
Bird's Eye

Bird's Eye

1993 թվականին մահվան մահճում Հրայր «Բազե» Խաչերյանը երդվում է ողջ մնալու դեպքում լուսանկարել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները։ Այդ առումով, այս լուսանկարն ավելի քան խորհրդանշական է. Արարատ լեռը հայերի հավերժական խորհրդանիշն է, իսկ Խոր Վիրապը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրման վայրը: «Խոր Վիրապի և Արարատ լեռան կադրերն արվել են ուղղաթիռից, հատուկ իմ «Բարձր թռչելիս» և «Հայաստան՝ երկրային դրախտ» գրքերի համար»:

Լուսանկարներն արվել են այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անկախությանը սպառնացող աննախադեպ մարտահրավերներ կային, և հայոց պատմության ու երկրի գեղեցկության մասին այս կերպ հիշեցնելն ինքնին անգին արժեք էր, հատկապես՝ երբ նկարն արվել էր այս յուրահատուկ ու բարձր կետից: 

Հրայր «Բազե» Խաչերյան

1951 թվականին Լիբանանում ծնված Հրայր Խաչերյանն իր կարիերան կառուցել է աշխարհով մեկ հայկական հուշարձաններ և մշակութային սրբապատկերներ լուսանկարելով: Համաձայն այն պատմության, որը Խաչերյանը սիրում է պատմել՝ 1993 թվականին քաղցկեղով հիվանդանալով և մահից վախենալով, նա երդվում է, որ չմահանալու դեպքում կլուսանկարի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները:

Անշուշտ, նա պահեց խոստումը ճամփորդելով աշխարհասփյուռ հայության հանգըրվաններ, Հայաստանի Հանրապետություն և Արցախ։ Այդ լուսանկարներից շատերը փաստագրվել են նրա՝ 2003 թվականին լույս տեսած «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» հիասքանչ հատորում: Թեև Լիբանանից հեռանալուց հետո նրա տունը դարձավ Կանադայի Մոնրեալ քաղաքը, Բազեն այժմ էլ տարվա մեծ մասն անցկացնում է ճամփորդելով աշխարհով մեկ և փաստագրելով հայկական մշակույթը ժամանակակից և եկող սերունդների համար:

Վարսերը գանգրացրած

Նկար
Tressed Out

Tressed Out

 

Ռապունցել, Ռապունցել, բա´ց թող մազերդ: Շագանակագույն, մեծ աչքերով և անհավանական երկար, հաստ, թափած մազերով անծանոթ աղջկա լուսանկարն առաջին հայացքից և՛ հմայում, և՛ վախեցնում է շատերին: Առեղծվածային և համակրելի այս աղջնակը կարող էր լինել ցանկացածի հարևանը:

Հայ կինոգործիչ Անահիտ Ղազարյանը շուրջ հինգ տարի ուսումնասիրել է լուսանկարիչ Մարիամ Շահինյանի՝ Թուրքիայի առաջին կին լուսանկարչի կյանքը: Ղազարյանը փնտրել, գտել ու հետո մանրակրկիտ ուսումնասիրել է հազարավոր լուսանկարներ, և նրան հատկապես տպավորել է ծալած ձեռքերով և խորհրդավոր հայացքով այս երիտասարդ, դյութիչ աղջկա լուսանկարը: Երևանում անցկացվող «Լուսանկարների հյուրասենյակը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ Ղազարյանը վերստեղծել է այն սենյակը, որը, ըստ նրա, կարող էր լինել հենց Շահինյանի սենյակը: Ղազարյանի մասին պատմող Սիվիլնեթի ռեպորտաժը, որը նվիրված է Շահինյանին, մեծ արձագանք ստացավ սոցիալական լրատվամիջոցներում՝ լուսանկարչին ճանաչելի դարձնելով որպես հայկական ազգային հարստություն:

Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանը, ով հայտնի է որպես Թուրքիայի առաջին կին դիմալուսանկարիչ, ծնվել է 1911 թվականին Սիվասում՝ ունևոր և լավ կապեր ունեցող ընտանիքում: Հայոց ցեղասպանության ժամանակ Սիվասը ամբողջովին դատարկվեց տեղաբնիկ հայ բնակչությունից, իսկ Շահինյանի ընտանիքին հաջողվեց փախչել մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: Ո՛չ Շահինյանը, ո՛չ էլ նրա հինգ քույրերը երբեք չամուսնացան և ընտանիք չկազմեցին։ Փոխարենը՝ Շահինյանն իր կյանքը նվիրեց դիմալուսանկարչությանը:

Անհավատալի է, սակայն իր կյանքի ընթացքում նա կարողացել է մի քանի միլիոն դիմալուսանկար ստեղծել: Ասում են՝ նա առեղծվածային շնորհ ուներ համապատասխան միջավայր ստեղծելու հասարակության բոլոր շերտերի ու ոլորտների մարդկանց համար, այնպես, որ նրանք դիմալուսանկարում ցույց էին տալիս իրենց իրական անհատականությունը: Շահինյանը վախճանվել է 1996 թվականին:

Պետության առաջնորդը

Նկար
Head of State

Head of State

Հայաստանի նախագահի պաշտոնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը 2017 թվականին գործուղման շրջանակներում գտնվում էր Սոչիում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։ Հակոբյանի համար դա հերթական աշխատանքային օրն էր, և գաղափար անգամ չուներ, որ այն շրջադարձային կլիներ իր կարիերայում:

Երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրների առաջնորդները եզրափակեցին հանդիպումը և դուրս էին գալիս լրագրողների հետ մամուլի ասուլիս անցկացնելու, Հակոբյանը հարմար դիրք էր զբաղեցրել, որպեսզի լուսանկարեր Հայաստանի նախագահին: «Տեսախցիկի ոսպնյակն արդեն դիրքավորել էի առավել լուսավոր կետում՝ Հայաստանի նախագահի լավագույն կադրն անելու համար: Սակայն, ինչպես պարզվեց, առաջինը սենյակ մտավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուստի, առաջինը նրան լուսանկարեցի: Օրվա վերջում լուսանկարը տեղադրեցի սոցիալական ցանցերում: Գիշերվա ընթացքում այն լայն տարածում գտավ՝ հատկապես Ղազախստանում: Անսպասելի կերպով ես հայտնի դարձա որպես ճանաչված լուսանկարիչ»:

Դրանից հետո Հակոբյանին հրավիրել են մասնակցելու Ղազախստանում անցկացվող բազմաթիվ լուսանկարչական փառատոնների և միջոցառումների, որտեղ, ինչպես նա է սիրում կատակով նշել, իրեն վերաբերվում են որպես հոլիվուդյան աստղի: Այսօր Նուրսուլթան Նազարբաևի հայտնի նկարը, որտեղ նա պատկերված է այդ խորհրդանշական կեցվածքով, խավարի մեջ՝ շրջապատված ՀԱՊԿ-ի անդամներով, նրանց թվում նաև Վլադիմիր Պուտինը,  ցուցադրված է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի թանգարանում:

Դավիթ Հակոբյան

Դավիթ Հակոբյանն իր լուսանկարչական կարիերան սկսել է 21 տարեկան հասակում Արմենպրես լրատվական գործակալությունում: Դրանից հետո նա միացել է Համահայկական մեդիա գրուպին: Մեկ տարի անց ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնական լուսանկարչի պաշտոնը և դրանից հետո անդամակցել նախագահական լրատվական կորպուսին: Ավելի քան 15 տարվա կարիերայի ընթացքում Հակոբյանը լուսանկարել է բազմաթիվ բարձրաստիճան պետական առաջնորդների, ինչպիսիք են՝ Ջոզեֆ Բայդենը, Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը, Անգելա Մերկելը, Էմանուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինը, Ֆրանցիսկոս պապը և այլք: Իր տաղանդը տարբեր ստեղծարար հարթակներում ներկայացնելու ձգտումով՝ Հակոբյանի լուսանկարները ցուցադրվել են աշխարհի, այդ թվում՝ Երևանի, Նյու Յորքի, Ստոկհոլմի, Վարշավայի, Մոսկվայի, Բուենոս Այրեսի և Մոնտեվիդեոյի մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսներում: Նա մարդկային հետաքրքրության առարկա հանդիսացող պատմությունների, բնապատկերների, դիմանկարների և մի շարք այլ թեմաներով լուսանկարչական հավաքածու գրքերի հեղինակ է:

Հայելի, հայելի

Նկար
Mirror Mirror

Mirror Mirror

Եվ, ի վերջո, կա աշխարհահռչակ մի նկարիչ, ում նկարներն այնքան նման են լուսանկարների, որ կարող են մոլորեցնել նույնիսկ ամենափորձառու արվեստասերներին: Ով վերջերս անցել է Times Square-ով, հաստատ նկատած կլինի Ձիթողցյանի՝ ակնթարթային արագությամբ հանրաճանաչ դարձած «Հայելի» դիմանկարների շարքը. ֆանտաստիկ, մեծ չափսերի սև ու սպիտակ նկարներ, որոնք գրեթե չեն տարբերվում լուսանկարներից: Նկարներն այնքան իրական են, որ թվում են անիրական. կնոջ ձեռքեր, որոնք ծածկում են իր դեմքը, բայց միևնույն ժամանակ, արտացոլում այն: Դիմանկարներն այնքան ապշեցնող են, որ դրանց նայելիս մարդկանց թվում է՝ այն ինչ-որ տեղ արդեն տեսել են. ինչ-որ ամսագրում, իրական կյանքում կամ սոցիալական լրատվամիջոցներում: Ինչպե՞ս է նրա դեմքը երևում՝ թափանցելով ձեռքերի միջից ու հայտնվելով ձեռքերի վրա: Այս տեսողական խաբկանքը հիացրել է ցանկացածին, ով տեսել է հայազգի երիտասարդ նկարչի գործերը: Ինչպես լուսանկարչության, այնպես էլ գեղանկարչության մեջ հայերը կարծես պահում են իրենց անգերազանցելի դիրքը։

Տիգրան Ձիթողցյան

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է 1976 թվականին Երևանում: Նրա նկարները դեռ մանկուց ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում: 1986 թվականին նշանավոր արվեստաբան Հենրիկ Իգիթյանը նրան անհատական ցուցահանդեսի հնարավորություն է ընձեռել։ Այնուհետև երիտասարդ Ձիթողցյանի նկարները շրջագայել են ԱՄՆ-ով, Ռուսաստանով, Ճապոնիայով և Իսպանիայով: 2009 թվականին նկարիչը տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա համարձակ և ինտրիգային խառը մեդիա աշխատանքները զարդարել են այնտեղի ազդատախտակներն ու հայտնվել են ԱՄՆ-ի լավագույն նորաձևության ամսագրերում: Ձիթողցյանը և նրա աշխատանքները լուսաբանվել են Արթուր Բալդերի 2018 թ.-ի «Անմահության ակնարկներ» փաստագրական ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհի Սյուզան Սարանդոնը: Նա այժմ բնակվում է Նյու Յորքում, և նրա գործերը ցուցադրվում են երկրի առաջնակարգ պատկերասրահներում:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է September 2022 ​issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։