Երևանի սրտում` Բաղրամյան պողոտայի վրա, 90 աստիճանից բաղկացած հանրային սանդուղքի վերջում բարձրանում է մի շենք, որտեղ ժամանակին անցկացվել են Խորհրդային Հայաստանի համաժողովները, բայց որի դռներն այսօր բաց են ուսանողների առջև՝ նրանց արևմտյան ոճի կրթությամբ ապահովելու պատրաստակամությամբ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատմությունը սկսվում է դեռ խորհրդային տարիներից, և, որքան էլ հեգնական թվա՝ այն հիմնելու գաղափարն առաջացել է հենց Սովետական Հայաստանում։
1988 թ.-ին, երբ Սպիտակի կործանարար երկրաշարժը ցնցեց Հայաստանը՝ ավերելով մշակութային մայրաքաղաք Գյումրիի գրեթե կեսը, արտասահմանից օգնություն ուղարկելուն զուգընթաց Հայաստան էին ժամանում նաև օտարերկրյա մասնագետներ՝ իրավիճակը գնահատելու և Հայաստանին մասնագիտական ոլորտում ևս օգնություն ցուցաբերելու համար։ Մասնագետների թվում էին նաև ՀԱՀ-ի համահիմնադիրներ դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը և դր. Միհրան Աղբաբյանը։ Վերհիշելով, թե ինչպես Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի փլատակների տակից հանեցին «Նյութերի դիմադրություն» դասագիրքը՝ դր. Տեր-Կյուրեղյանը նշում է. «Եթե պրակտիկայում հետևեին այն ամենին, ինչ գրված էր այդ գրքում, ավերածությունն անհամեմատ քիչ կլիներ»։
Երկու ամիս անց խաշի սեղանի շուրջ, երբ Յուրի Ավետիսյանը՝ այն ժամանակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը, առաջարկեց Հայաստանում բացել արևմտյան կրթական ոճին համապատասխան համալսարան, դր. Տեր-Կյուրեղյանն անմիջապես հավանեց գաղափարը։ Կարճ ժամանակ անց դր. Աղբաբյանի հետ միասին մշակեցին ծրագրի առաջարկը և ուղարկեցին մի քանի նվիրատուների՝ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով։ «Մեր ստացած մի քանի պատասխանների մեջ կար մի շատ կարճ նամակ գրված Լուիզ Մանուկյան-Սիմոնի կողմից, ով այն ժամանակ ՀԲԸՄ-ի փոխնախագահն էր։ Նամակում նա գրում էր, որ դա հրաշալի գաղափար է, և ՀԲԸՄ-ն պատրաստ է ֆինանսավորել նախագիծը»։
Բացի ֆինանսավորում տրամադրելուց, որը շուրջ երկու տարի օգնեց փակել համալսարանի գործառնական ծախսերը՝ Մանուկյան-Սիմոնը պնդեց, որ համալսարանը համագործակցություն սկսի ամերիկյան մի որևէ հաստատության հետ, որը կօգնի մշակել համալսարանի կառավարման մեթոդներն ու գործառույթները։ Ի լրումն, Հայաստանի կառավարությունը թույլ տվեց համագումարների շենքն օգտագործել որպես համալսարանական տարածք։
Ի վերջո, Կալիֆորնիայի համալսարանի, ՀԲԸՄ-ի և Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին՝ նույն օրը, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանն իր դռները բացեց 101 ուսանողի առջև։
Հաջորդող տարիներին ՀԲԸՄ-ն բացեց ՀԱՀ-ի համար նախատեսված ֆոնդ, որպեսզի համալսարանը շարունակի գործել բարձր չափանիշներին համապատասխան։
Համալսարանի մի շարք հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ և ռեսուրսներ ստեղծվել են հենց այս ֆոնդի շնորհիվ, այդ թվում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը և ՀԲԸՄ Փափազյան գրադարանը՝ Հարավային Կովկասում անգլիալեզու գրքեր ունեցող ամենամեծ գրադարանը։
2014 թ.-ից սկսած ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է ավելի քան 250 ուսանողի՝ նրանց հնարավորություն ընձեռելով ուսանել ՀԱՀ-ում՝ անկախ ֆինանսական դրությունից։ «ՀԱՀ-ը Հայաստանի այն առանցքային հաստատություններից է, որը կարող է երաշխավորել Հայաստանի հզոր ապագան: Որպես մեկ դարից ավել սերունդներ կերտած կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն արժևորում է ՀԱՀ-ի դերը ապագային միտված մտածելակերպ ձևավորելու և ՀԲԸՄ-ի առաքելությանը համահունչ սկզբունքներ ու արժեքներ սերմանելու գործում»,- վստահեցնում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
Տարածաշրջանի կրթական գոհարը
Այժմ ՀԱՀ-ը Հարավային Կովկասում ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Արևմտյան ոճի կրթություն ապահովելով՝ այն ուսանողներին օգնում է ձեռք բերել փորձառական գիտելիքներ և խթանել քննադատական մտածողությունը, որի շնորհիվ ՀԱՀ-ի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում, թե՛ Հայաստանի, և թե՛ արտասահմանյան աշխատաշուկաներում։ Այդուհանդերձ, 2023 թվականի տվյալներով ՀԱՀ-ի շրջանավարտների ավելի քան 85%-ն ապրում և աշխատում է Հայաստանում։
«Պատճառներից մեկը, որ Krisp-ը հաջողակ ստարտափ դարձավ, իմ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից հասկանալու ունակությունն էր՝ ֆինանսների կառավարումից և բիզնեսի զարգացման հմտություններից մինչև բանակցություններ վարելը և ավելին. գիտելիքների և հմտությունների անփոխարինելի մի բույլ, որը ստացել եմ ՀԱՀ-ի բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագրից», - նշում է ՀԱՀ-ի Պատվարժան շրջանավարտ, Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
Համալսարանն այժմ ունի չորս ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի, մագիստրատուրայի և վկայական տրամադրող ծրագրեր, ինչպես նաև միջգիտակարգային դասընթացներ՝ սկսած բիզնես կառավարումից և ճարտարագիտությունից մինչև մարդու իրավունքներ և հանրային առողջապահություն: Հայաստանի տեղական համայնքները վերափոխելու տեսլականը խթանելու նպատակով ՀԱՀ-ի հետազոտական կենտրոնները կիրառում են ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության միջգիտակարգային մոտեցումներ՝ կառավարությանը, արդյունաբերությանը, համալսարաններին և քաղաքացիական հասարակությանն ուղղակիորեն առնչվող հատուկ մարտահրավերները հաղթահարելու համար:
Ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ Շանթալ Ադաջյանը, ով ուսանողական տարիներին պրակտիկան անցկացնում էր ՀԱՀ-ի հետազոտական կենտրոններից մեկում, նշում է, - «44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքեր արտադրելը չափազանց կարևոր է երկրի անվտանգության համար։ Սակայն անօդաչու թռչող սարքերը կարող են օգտակար լինել նաև այլ ոլորտներում, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսության կամ շինարարության մեջ: Հայաստանն ունի այս ոլորտում առաջընթաց գրանցելու մեծ ներուժ, և ես ուրախ եմ, որ ՀԱՀ-ն ինձ հնարավորություն ընձեռեց միանալ ResponDrone նախագծին և իմ ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ»:
Շարժվելով դեպի չորրորդ տասնամյակ՝ ՀԱՀ-ի ներկայիս ղեկավարությունը մշակում է այնպիսի ռազմավարություն, որը որակյալ կրթություն ապահովելուն զուգընթաց, կօգնի դիմակայել նաև փոփոխվող աշխարհում Հայաստանին սպառնացող մարտահրավերներին։
Ի լրումն, հաշվի առնելով STEAM ոլորտի նկատմամբ աճող պահանջարկը, համալսարանը նպատակ ունի բացել բնագիտության և ճարտարագիտության նոր մասնաշենք, որը ապահովված կլինի վերջին սերնդի տեխնիկայով և գործիքներով հագեցած լաբորատորիաներով։ «Առաջատար տեխնոլոգիաների դարաշրջանում մենք եզակի պատասխանատվություն ունենք ընդլայնելու Հայաստանի մարդկային կապիտալը` պատրաստելով և կրթելով հմուտ առաջնորդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքը կիրառել նորարարություն խթանելու, դրական արդյունքներ գրանցելու և լայնածավալ ազդեցություն ունենալու նպատակով: Դրա համար մենք պետք է մշտապես զարգացնենք համալսարանական ծրագրերն ու ենթակառուցվածքները, որպեսզի դրանք համապատասխանեն 21-րդ դարի համալսարանական պահանջներին», - նշում է ՀԱՀ-ի նախկին նախագահ դր. Կարին Մարկիդեսը: