Կնամեծարները

Ժամանակակից գրողներ և կինոգործիչներ, ովքեր իրենց ստեղծագործություններում մեծարել են կանանց


Սնող ու սնուցող, կռվող ու կրթող, վերքերն ամոքող ու ներշնչանքի աղբյուր. դարեր շարունակ հայ կնոջ կերպարը հենց այսպես է կերտվել ու փոխանցվել սերնդեսերունդ։

Զարմանալի չէ, որ պատմության ընթացքում նահապետական հասարակարգում այս կերպարները կերտվել ու հավերժացվել են հենց արական սեռի նկարիչների և գրողների նրբազգացության շնորհիվ։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նրանց ուշադրության կենտրոնում հայտնված կերպարները եղել են թույլ, թերարժեք կամ ստորադաս:

Այս հոդվածում ուսումնասիրում ենք 20-րդ և 21-րդ դարերի մի քանի ուշագրավ ստեղծագործություններ, որոնցում գլխավոր հերոսները հայ կանայք են` իրենց սքանչելի բարդություններով, հակասություններով, մեծարանքի արժանի հատկանիշներով և խորհրդանշական ներկայացվածությամբ:

Փիթեր Բալաքյան

Քոլգեյթ համալսարանի անգլերեն լեզվի պրոֆեսոր և բանաստեղծ Փիթեր Բալաքյանը սերում է խելացի ու բացառիկ ուժի տեր կանանց ընտանիքից: Նրա մորաքույրը` Նոնա Բալաքյանը, ավելի քան քառասուներեք տարի New York Times Sunday Book Review-ում աշխատել է որպես գրաքննադատ և խմբագիր, իսկ քույրը` Աննա Բալաքյանը, Նյու Յորքի համալսարանի պատվավոր գրաքննադատ և պրոֆեսոր էր։

Երկուսն էլ, հավանաբար, իրենց մտավոր ունակություններն ու կորովը ժառանգել էին Բալաքյանի տատիկից` Նաֆինայից, ում հանդիպում ենք Բալաքյանի 1997 թվականի բեսթսելերում` «Ճակատագրի սև շունը» (The Black Dog of Fate) հուշագրության մեջ: 1915 թվականի իրադարձությունների անջնջելի հետքը հոգում՝ այդ կինը թոռներին է փոխանցում ընտանեկան ավանդույթներն ու երբեմն ցավագին պատմությունները:

Նաֆինան կապ է անցյալի հետ, որը կամրջում է միաժամանակ գոյություն ունեցող, բայց և ակնհայտորեն անհամադրելի աշխարհներ. 1970-ականների վերջի Նյու Ջերսի նահանգի անխռով Բերգենն ու 1915-ի հինավուրց ու փոթորկուն Հայաստան աշխարհը։

Բալաքյանը գրում է. «Երբ տատիս հետ էի լինում, տեղափոխվում էի մի ուրիշ աշխարհ՝ խավարի ու լույսի [հակասական] զգացողություններ արթնացնող մի վայր, որն անտեսանելի ուժի պես Հայաստան կոչվող երկրից գալիս հասնում էր Նյու Ջերսի: Հինավուրց մի բան էր դա, կապված հողի ու խոսքի, արյան ու երկնքի հետ»:

Նրա տատիկը սնահավատ էր, երազներ էր մեկնաբանում ու սիրում էր ավանդույթներ փոխանցել։ «Տատիկս իր երազները սիրում էր պատմել բոլորիս, բայց իր կյանքի դրվագները միայն ինձ էր պատմում, երբ մենակ էինք լինում: Գուցե նույնը պատմել էր նաև իր աղջիկներին, երբ նրանք երիտասարդ էին, բայց նրանցից ոչ ոք երբևէ չէր հիշատակել դրա մասին»:

Այստեղ, ինչպես և այլուր, ինչ-որ գերմարդկային ուժ է ապրեցնում Ցեղասպանությունը վերապրածներին։ Փիթեր Բալաքյանն իր հուշագրությամբ գովերգում է իր տատի ուժն ու կորովը: Նաֆինան մինչև անգամ դիմում է միջազգային իրավական մարմիններին՝ վերականգնելու արդարությունն ու պահանջելու իր ընտանիքից բռնագրավված սեփականությունը։

Նա երիտասարդ Փիթերին ցույց է տալիս իր ծննդավայրից մնացած մի կալվածագիր ու փաստաթուղթ, որը վերջինիս խնդրանքով կազմել էր Նաֆինայի փաստաբանը: Նա հույս ուներ վերականգնել այն, ինչ կորսվել էր թուրքական կառավարության պատճառով:

Նաֆինան թե՛ բարոյապես ուժեղ է, և թե՛ աչքի է ընկնում խելացիությամբ։ Նա պատրաստակամ է իրավական պայքար սկսել մի երկրում, որն այլևս իրենը չէ, մի երկրից, որը որդեգրեց իրեն և մի լեզվով, որը սովորել էր զրոյից հասուն տարիքում միայն: Ընթերցողին մնում է միայն հիանալ նրա այդչափ տոկունությամբ:

 Հայերը հպարտանում են, որ առաջին քրիստոնյա ազգն են և այդ պատմական փաստը վերագրում են Գրիգոր Լուսավորչին կամ Տրդատ Մեծ թագավորին։ Նրանք հաճախ մոռանում են, որ թագավորի քույրը` արքայադուստր Խոսրովիդուխտն է նրան համոզում Խոր Վիրապի զնդանից ազատել Գրիգորին տասներեք տարվա բանտարկությունից հետո: Փաստորեն, իրականում հայերը քրիստոնյա են դարձել կնոջ շնորհիվ:

Պարետ Մարոնյան

Emmy մրցանակի ներկայացված «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմում Պարետ Մարոնյանը պատմում է 1915 թվականը վերապրած Ավրորա Մարդիգանյանի մասին, ում վաճառում են ստրկության, բայց ով փախչում է Ամերիկա, որտեղ էլ գլխավոր դերով հանդես է գալիս «Հոգիների աճուրդ» ֆիլմում:

Ֆիլմի շնորհիվ հաջողվեց միլիոնավոր դոլարներ հավաքել The Near East Relief Society-ի համար. կազմակերպություն, որը հազարավոր հայ որբերի փրկեց անխուսափելի սովամահությունից:

Ինչպես նշում է Մարոնյանը, հայ կանանց ավանդը շատ հաճախ մղվում է հետին պլան, և հենց դա էլ դարձել է վավերագրական ֆիլմը նկարահանելու պատճառներից մեկը. «Կանայք մշտապես եղել են հայ իրականության չգովերգված հերոսները… Բացի նրանից, որ հայ կինն անգերազանցելի ուսուցիչ է բառի դասական իմաստով՝ նա մշտապես եղել է մեր ազգի փրկիչը»:

Մարոնյանն իր հիմքերն ունի դրա համար. նույնիսկ հայկական դիցաբանության մեջ Նանեն, բացի մայր աստվածուհի լինելուց, նաև պատերազմի և իմաստության աստվածուհին էր: «Ինչպես տեսնում եք, հնագույն ժամանակներից հայ կինը բնութագրվում էր որպես սնող, ռազմիկ և գիտելիքի աղբյուր, ոչ թե լոկ մայր», - ասում է Մարոնյանը:

Նա նաև շտապում է նշել, թե ինչպես է կանանց ավանդը կամայականորեն ջնջվել մեր պատմությունից, նույնիսկ մ.թ. 4-րդ դարում Հայաստանում քրիստոնեության ընդունման հանրածանոթ պատմության մեջ: «Հայերը հպարտանում են, որ առաջին քրիստոնյա ազգն են և այդ պատմական փաստը վերագրում են Գրիգոր Լուսավորչին կամ Տրդատ Մեծ թագավորին։ Նրանք հաճախ մոռանում են, որ թագավորի քույրը` արքայադուստր Խոսրովիդուխտն է նրան համոզում Խոր Վիրապի զնդանից ազատել Գրիգորին տասներեք տարվա բանտարկությունից հետո: Փաստորեն, իրականում հայերը քրիստոնյա են դարձել կնոջ շնորհիվ»:

Անրի Վեռնոյ

Ռեժիսոր Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ֆիլմերը ֆրանսիական կինոյի տարեգրության անքակտելի մասն են: Վեռնոյը ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Ռոդոսթո (այժմ` Թեքիրդաղ) քաղաքում: 1924 թվականին նրա ընտանիքը փախչում է Մարսել, որպեսզի խուսափի հալածանքներից: Հետագայում նա իր մանկությունը նկարագրում է «Մայրիկ» վեպում, որի հիման վրա 1991 թվականին նկարահանում է համանուն ֆիլմը:

Այստեղ իմանում ենք, որ նրա երբեմնի նշանավոր հայկական ընտանիքը Ֆրանսիա է ժամանել գրպանում ընդամենը մի քանի ոսկե մետաղադրամով: Սակայն նրանք ունեին ամենաարժեքավորը` միմյանց: Վեռնոյի երկու մորաքույրներն ու մայրը պարուրում են նրան ուշադրությամբ ու սիրով ու միաժամանակ անխոնջ աշխատում` փորձելով վերականգնել իրենց խարխլված կյանքը:

Գործունյա հայ գաղթականի կերպարը հաճախ ծառայում է որպես արտահայտչամիջոց՝ ցեղասպանությանը հաջորդած տարիները նկարագրելու համար։ Որտեղ էլ որ հայերն ապաստան գտնեին` ամերիկյան Ֆրեզնոյում, Վուսթերում, թե Սիրակուզայում, ֆրանսիական Փարիզում, թե Մարսելում, տքնաջան աշխատում ու չարչարվում էին` ձգտելով վերականգնել իրենց դատարկված համայնքները:

Շուտով նրա մայրն ու երկու քույրերը գործարքային աշխատանք են գտնում Մարսելում, իսկ հայրը սկսում է կոճակներ կարել դասական վերնաշապիկների վրա, մինչև որ վերջապես բացում են սեփական խանութը: Ինչպես գրքում, այնպես էլ ֆիլմում ներկայացվող անսանձ զգացմունքներն ուղղակիորեն բխում են երախտապարտ որդու սրտից:

Աքսորականի այդ զգացումը, որ ներթափանցել էր նրանց կյանք, Վեռնոյը նկարագրում է այսպես. «Հետ նայելով` հասկանում եմ, որ, թեև այն տարիներին անսահման սիրում էինք միմյանց, երբեք, ոչ մի անգամ մեր փոխադարձ սերը չարտահայտեցինք խոսքերով: Դա մասամբ չափավորության, մասամբ էլ խուսափելու պատճառով էր։ Այդպես վախենում էինք ընդգծել կամ ընդունել դաժան իրականությունը. այն, որ մեր ծանր կացությունն իրականում անփոփոխ էր»:

Երկու մորաքույրները` Այան և Գայանեն, ինքնամոռաց սիրում էին նրան, պատրաստ էին դիմել ամեն զոհողության, միայն թե փոքրիկ Աշոտը (Անրին) ունենա այն ապագան, որից իրենց սերունդը զրկվել էր Ցեղասպանության պատճառով: Ուստի, զարմանալի չէ, որ Վեռնոյը նրանց անվանում էր «իմ երեք մայրերը»:

Պետք է նաև ըստ արժանվույնս խոսել նրա հոր մասին, ում դերը ֆիլմում մարմնավորում է համաշխարհային գերաստղ Օմար Շարիֆը: Կոտրելով կարծրատիպը` Հակոբ Զաքարյանը շատ էր գնահատում իր կնոջն ու նրա երկու քույրերին ու գործողությունների ազատություն տալիս ոչ միայն տնային տնտեսության մեջ, այլ նաև ընտանեկան բիզնեսում։

Սերգեյ Փարաջանով

18-րդ դարի թափառական երաժիշտ Հարություն Սայաթյանի (Սայաթ-Նովա) կյանքի մասին արդի էկրանավորումը` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», համարվում է 20-րդ դարի ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը:

Թիֆլիսում ծնված կինոռեժիսորը, ում խորհրդային կառավարությունը բանտարկել էր միասեռական և (կամ) «շեղված» լինելու համար, հետագայում ֆիլմեր նկարահանեց Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում, որտեղ էլ՝ Կոմիտասի անվան պանթեոնում, ի վերջո, ամփոփվեց նրա մարմինը։

«Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովի մուսան` վրաց դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին, խաղում է առնվազն վեց դեր. Սայաթ-Նովան` որպես պատանի, երիտասարդ բանաստեղծ, բանաստեղծի սիրելին, մնջախաղաց ու հարության հրեշտակ:

Ֆիլմի ամենահայտնի տեսարաններից մեկում երևում է Չիաուրելիի մարմինը` մի կուրծքը խեցիով ծածկված: Այդ պահից սկսած Փարաջանովն օգտագործում է խեցին` ընդգծելու կնոջ կուրծքն ու կանացի զգայականությունը:

Նռան գույնը` թանձր հողագույն կարմիրը, նրա սիրելիի կարմիր այտերի, այլ ոչ արյան կամ ազգայնականության խորհրդանիշ է հանդիսանում։ Այսպիսով՝ կինն ինքնին դառնում է խաղաղության խորհրդանիշ և զգայական ցանկության առարկա։

Ֆիլմի մեկ այլ տեսարանում երիտասարդ Սայաթ-Նովան թաքուն նայում է քաղաքի թուրքական բաղնիքներից մեկի երդիկից, թե ինչպես են լոգանք ընդունում Հերակլ երկրորդ արքան և նրա քույրը` Աննան, ու սիրահարվում ապագա թագուհուն:

Այս ֆիլմում Փարաջանովը և՛ գովերգում է մեր մեծանուն բանաստեղծներից ու կոմպոզիտորներից մեկին և՛, միաժամանակ, մեծարում կանացի գեղեցկությունն ու զգայական ուժը։

Նաֆինան թե՛ բարոյապես ուժեղ է, և թե՛ աչքի է ընկնում խելացիությամբ։ Նա պատրաստակամ է  իրավական պայքար սկսել մի երկրում, որն այլևս իրենը  չէ, մի երկրից, որը որդեգրեց իրեն և մի լեզվով, որը սովորել էր զրոյից հասուն տարիքում միայն: Ընթերցողին մնում է միայն հիանալ նրա այդչափ տոկունությամբ:

Ալեքսանդր Դինելարիս

Քիչ պիեսներ կան, որտեղ Հայոց ցեղասպանության վայրագությունները ներկայացվում են արյունոտ մանրամասներով: 2012 թվականին Ալեքսանդր Դինելարիսի հեղինակած «Կարմիր շունը ոռնում է» (Red Dog Howls) պիեսը պետք է մինչև վերջ նայել՝ տեսնելու, թե թուրք զինվորների կողմից ինչ պիղծ արարքների է ենթարկվում գլխավոր հերոսուհի Ռոզը:

Ներկայացումից հետո շատերը՝ Յեյլի համեմատական գրականության պրոֆեսոր Շոշաննա Ֆելդմանից մինչև հայ փիլիսոփա Մարկ Նշանյանը, մեկնաբանեցին, որ զոհի կերպարը միաժամանակ հանդիսանում է նաև որպես ականատես: Բայց Ռոզին այնքան է հետապնդում նողկալի իրականությունը, որ նա աշխարհին նայում է մոխրագույն ակնոցով:

Պիեսում, երբ Մայքլ Կիրակոսի հայրը մահանում է, Մայքլը գտնում է մի քանի հին նամակ, որոնք Ռոզ անունով մի կին Washington Heights-ից գրել էր հորը: Շփոթված՝ Մայքլը երկար փնտրտուքից հետո գտնում է նրան և պարզում, որ կինն իրականում իր տատիկն է, իսկ ինքը, փաստացի, հայկական ծագում ունի: Ի վերջո, հայկական համեղ խորտիկներով լի սեղանի շուրջ նրանք ամեն օր զրուցում են ու դառնում վստահելի ընկերներ:

Ռոզն աստիճանաբար բացահայտում է հայրենիքում իր ընտանիքի պատմությունը և պիեսի վերջում հանդես է գալիս մի տառապագին մենախոսությամբ, որի միջոցով պատմում է թուրք զինվորների հետ սարսափազդու առերեսման նողկալի մանրամասները, ինչն իր հոգեկանը մղել էր հուսաբեկության անդունդը:

Դինելարիսն իր հերոսին նկարագրում է որպես տիպիկ զոհ, միևնույն ժամանակ` վերապրած վկա. հայ կին, ով, թեև իր անցյալի գերին է, միևնույն է ուժ է գտնում իր մեջ ու օտար երկրում նոր կյանք սկսում։ Աննկարագրելի ոճիրը, որի մասին Ռոզն ի վերջո բարձրաձայնում է, ազատագրման պահ է, որի միջոցով ականատես ենք լինում նրա հոգու փրկագործմանը։

Արիս Ջանիկյան

Հայկական ստեղծագործություններում հաճախ ենք հանդիպում կարծրատիպեր ստեղծելու միտման. տղամարդիկ ներկայացվում են որպես մաչոներ, որոնք ամեն օր գնում են աշխատանքի կամ պատերազմ, իսկ կանայք` կրթողներ և մշակույթը փոխանցողներ:

Պետք չէ զարմանալ, որ վիպագիր Արիս Ջանիկյանը ներկայացնում է վերը նկարագրված իդեալականացված կնոջ կերպարի ամենանուրբ հակապատկերը: Ջանիկյանը նշում է. «Հայ մայրերը հիմնականում բնութագրվում են որոշակի կարծրատիպերով` որպես սնող, նեցուկ լինող, առաքինի, նա, ով սրբում է արցունքները, լուծում ընտանիքի խնդիրները, երեխաներին տանում եկեղեցի ու չորեկ թխում»:

Բայց ինչպես և տղամարդկանց դեպքում, ոչ բոլոր կանանց կարելի է ներկայացնել առաքինության տիպար:

Նրա՝ 2003 թվականի ազդեցիկ ստեղծագործության մեջ` «Արյունոտ որթ» վեպում, Ջանիկյանը արտասովոր կերպով հյուսում է սիրո, խաբեության և թողության մասին մի պատմություն: Այս մասամբ ինքնակենսագրական վեպը պատմում է Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի հաջորդ սերնդի մասին, որը մասնատվում է մեծարժեք ֆերմայի շուրջ պայքարի պատճառով։

«Արյունոտ որթ»-ը հրամցնում է կանանց տարբեր կերպարներ` սկսելով Զաբելից ու նրա հեգնական անունով մայրիկից` Էյնջըլից (անգլերեն` հրեշտակ), ով վերապրել էր Ցեղասպանությունն ու այժմ ամուսնուն տրամադրում էր խորթ եղբոր դեմ:

Ըստ Ջանիկյանի` մայր ու դուստր կապվում են իր տեսակի մեջ պարզունակ արյունակցական կապով, որը հիմնված է վախի, մտացածին սակավության և սնահավատության վրա։ Այս կերպարը բախվում է տղամարդու կերպարի` Էնդիի, և նրա ժամանակակից կիսահայկական-կիսաամերիկյան նիստուկացի հետ:

Զաբելը անգութ և ուժեղ է՝ հոգատար լինելուց շատ հեռու: Ջանիկյանը նրան հակադրում է երկու այլ կանանց, ովքեր ավելի մոտ են այլ կինոգործիչների ու գրողների կողմից մատուցված հայկական իդեալին: «Քերընը` Էնդիի սիրելին, իսկ հետագայում նաև կինը, և Վելընթայնը՝ Քերընի մայրը, ով նույնպես վերապրել է Ցեղասպանությունը, տարբեր մոտեցումներ ունեն իրենց նախնիներից ժառանգած այս ողբերգության վերաբերյալ։ Վելընթայնը կյանքն ընկալում է որպես ընծա»,- նշում է Ջանիկյանը,- «տրվելով հաճույքին ու քեֆին, պարին ու խաղին, երաժշտությանն ու ծիծաղին՝ ի պատասխան իր մարդկային ողբերգության»: Վելընթայնն իր իսկ լավի համար անցյալն ընդմիշտ թողնում է ետևում և նոր կյանք սկսում։ Այս կերպարը հայ կնոջը բնութագրում է որպես կենարար ուժ, որն իրեն թույլ է տալիս կյանքը լիարժեք վայելել:

Լսե՛ք «1915 թվականի կանայք» ֆիլմի հուզիչ երաժշտությունը, որի հիմքում «Մենք կանգուն ենք» (We Stand) երգն է` գրված հատուկ այս ֆիլմի համար։ Բացի այս երգից՝ ֆիլմում հնչում է հայկական ժողովրդական հինգ երգ։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2022 թ.-ի սեպտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։