Քչերն են կարողացել այնքան հանրաճանաչ դառնալ, որքան Քիմ Քարդաշյանը: Չորրորդ սերնդի ամերիկահայ, չորս երեխաների մայր, շուտով իրավապաշտպան, սելֆիի թագուհի Քարդաշյանը, ով անդադար խաթարում է համացանցի անդորրը, հմտորեն գտել է բարձունքի հասնելու իր ուղին և, սկսելով առևտրի ոլորտում գործունեություն ծավալելուց և Լոս Անջելեսի աստղերի անձնական ոճաբանը լինելուց, երկար ճանապարհ է անցել այն կերտելու համար։ Օր ու գիշեր աստղին հետևող պապարացիների շնորհիվ՝ Միացյալ Նահանգներում Քարդաշյանի անունը գրեթե ամեն օր հայտնվում է մամուլի վերնագրերում, որի շնորհիվ հանրությունն անընդհատ պահում է իր միակողմանի կապը «գլամուր աղջկա» հետ։
Նրա հանրային կերպարի ետևում ընկած է շատ ավելին, քան տեսանելի է մեր աչքին: Նկարահանվելով հեռուստատեսությամբ հեռարձակվող «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուում՝ իր երկու քույրերի՝ Քորթնիի և Քլոյիի հետ միասին նրանք էլ ավելի լայն ճանաչում սկսեցին ձեռք բերել: Շոուն համարվում է ԱՄՆ-ում ամենաերկար ցուցադրվող և հեռուստաալիքի ամենահաջողված ռեալիթի շոուներից մեկը: Ըստ Forbes ամսագրի՝ Քարդաշյանի ունեցվածքը ներկայումս գնահատվում է 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, որի արդյունքում 2022 թվականի տվյալներով նա ինքնուրույն հաջողության հասած ամերիկացի ամենահարուստ կանանց շարքում տասնվեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում։
Աղմկոտ վերնագրերի և կատարյալ աստղի կերպարի ներքո՝ Քիմ Քարդաշյանը շարունակում է հաստատուն և ակտիվ գործունեություն ծավալել՝ երբեք տեղի չտալով հանրային ճնշումներին: Քարդաշյանն ընկալվում է որպես սեքսուալության խորհրդանիշ և ցանկալի մոդել, սակայն պետք է հիշել նաև, որ նա մայրապետական ընտանիքից սերող, բանտային բարեփոխումների ջատագով, միլիարդավոր դոլարներ տնօրինող բիզնես մագնատ և վերջերս մրցանակի արժանացած իրավաբան է։ Նրան հաջողվում է հասցնել այդ ամենը, նույնիսկ, երբ նրա կերպարները երբեմն հակասում են իրար:

Չնայած նրա անկապտելի համբավին՝ Քարդաշյանը միշտ օգտագործել է իր աստղային հեղինակությունը, որպեսզի իրազեկի իր հայկական արմատների մասին, որը ժառանգել է հոր՝ երրորդ սերնդի ամերիկահայ գործարար և համաշխարհային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Քարդաշյանից։ «Իմ հայկական ժառանգությունն ինձ համար մեծ արժեք ունի, և ինձ դաստիարակել են այնպես, որ ես անվերջ հպարտանամ իմ ընտանիքի պատմությամբ և մշակույթով», - 2012 թվականին իր բլոգում գրել է Քարդաշյանը։ Սակայն հրապարակումից կարճ ժամանակ անց նա արժանացավ հանրային պախարակման, երբ Հայոց ցեղասպանության հիշատակը խորհրդանշող ապրիլ ամսին Թուրքիայի Cosmopolitan ամսագիրը թողարկեց հերթական համարը՝ շապիկին Քարդաշյանի նկարով։
Նա սոցիալական ցանցերում միշտ կիսվում է իր սիրած հայկական ուտեստներով և ավանդույթներով, իսկ 2015 թվականին իր քույր Քլոյիի հետ այցելեց Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հարգանքի տուրք մատուցելու զոհերին՝ ի հիշատակ նաև իրենց տատերի, պապերի ու հոր, ովքեր երբեք չկարողացան այցելել Հայաստան։

Իմ հայկական ժառանգությունն ինձ համար մեծ արժեք ունի, և ինձ դաստիարակել են այնպես,որ ես անվերջ հպարտանամ իմ ընտանիքի պատմությամբ և մշակույթով։
Ըստ People ամսագրի՝ 2019 թվականին WCIT Հայաստան ֆորումում Քարդաշյանը համաձայնեց հանդես գալ որպես գլխավոր բանախոսներից մեկը՝ քննարկելու ապակենտրոնացված տեխնոլոգիաների և տեղեկատվությունը ժողովրդավար դարձնելու ուղիները միայն մեկ նպատակով. որպեսզի միջոցառմանը հաջորդող երկուշաբթի օրը մկրտեր իր երեք մանկահասակ երեխաներին Սբ. Էջմիածնի տաճարում։ Ի վերջո, տաճարում մկրտվեցին նաև Քիմը, Քորթնին, ով առաջին անգամ էր այցելում Հայաստան, և վերջինիս երեք երեխաները: 2015 թվականին Քիմ Քարդաշյանի առաջնեկ Նորթին մկրտեցին Երուսաղեմի հին քաղաքի (Old Town) պատմական hայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց եկեղեցում: Նա միշտ իր հայկական ինքնության մասին իրազեկելու և Ցեղասպանության ճանաչմանը հասնելու ջատագովն է եղել։ 2015 թվականին Time ամսագրում հեղինակել է մի հոդված, որտեղ հանրությանը կոչ է արել գործել՝ անդրադառնալով սեփական ընտանիքի ժառանգությանն ու պատմությանը։ «Իմ մեծ պապերը Հայաստանից Լոս Անջելես են եկել 1914 թվականին՝ Ցեղասպանությունից անմիջապես առաջ... Եթե նրանք չփախչեին, մենք այսօր այստեղ չէինք լինի: Այնքան մարդիկ են կորցրել իրենց ընտանիքները, և նրանց կոտորելու մասին պատմություններն այնքան սրտակեղեք են. դրանք երբեք չպետք է մոռացվեն», - գրել է նա:
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում նա համագործակցել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) բժիշկ, Emmy մրցանակի առաջադրված կինոպրոդյուսեր, Promise hայկական ինստիտուտի և Promise մարդու իրավունքների ինստիտուտի (UCLA Law) հիմնադիր Էրիկ Իսրայելյանի հետ՝ սոցիալական ցանցերում կիսելով տեղեկատվություն, որոնք կշեշտեին, թե որքան հակասական և ընտրովի լուրեր են շրջանառվում խոշոր լրատվամիջոցների կողմից։ «Լուրերը մոլորեցնող են, և սրանք «բախումներ» չեն... Հայաստանը Ադրբեջանի կողմից ձեռնարկված, չհրահրված հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհ է դարձել»,- կիսվել է նա սոցիալական ցանցերում՝ այդ մեկ հրապարակմամբ հավաքելով գրեթե 600,000 հավանում:
Ավելի ուշ նա 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հայաստան համահայկական հիմնադրամին՝ կոչ անելով իր հետևորդներին ևս միանալ այդ նախաձեռնությանը. «Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են: Ցանկանում եմ, որ բոլորը հիշեն՝ չնայած հեռավորությունը բաժանում է մեզ, մենք սահմանափակված չենք սահմաններով, և մենք մեկ միասնական հայ ազգ ենք»: Դրանից հետո ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում դատապարտեց այս քայլը՝ հրահրելով, որ նրա էջն առցանց թիրախավորեն:

Նա նաև բարձր մակարդակով բանավեճեր է նախաձեռնել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ սոցիալական լրատվության դարաշրջանում մարմնի կազմվածքի ընկալումները, փոքրամասնությունների համայնքային մշակույթի ոչ ճիշտ յուրացումը (cultural appropriation) և պտղաբերությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորումը (IVF) և փոխնակ մայրությունը:
Միևնույն ժամանակ նա շարունակում է զարդարել Vogue ամսագրի շապիկները, ուսանել մարդու իրավունքների գծով իրավապաշտպան Ջեսիկա Ջեքսոնի մոտ՝ շաբաթական 18 ժամ պատրաստվելով իրավագիտության քննությանը, ինչպես նաև նկարահանվել «Քարդաշյանները» նոր ռեալիթի շոուում։ Նա թողարկել է բջջային հեռախոսների համար նախատեսված իր սեփական խաղը, և հրատարակել սելֆիների մասին գիրք՝ այն դիպուկ կոչելով Selfish (անգլ. եսասեր, անձնասեր): Նա թե՛ քայլել է կարմիր գորգի վրայով Met Gala ամենամյա հանրահայտ միջոցառման ժամանակ, թե՛ ենթարկվել է ատրճանակով սպառնալիքի, ում սակայն բաց են թողել բազմաթիվ աղերսներից հետո։
Roe v. Wade (հղիության արհեստական ընդհատումն օրինականացնող) օրենքը Գերագույն դատարանի կողմից չեղյալ համարելու մտադրությունների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքին անդրադառնալու փոխարեն լրատվամիջոցների ողջ ուշադրությունը սևեռված էր Մերիլին Մոնրոյի զգեստը կրելու նրա այժմ արդեն տխրահռչակ քայլը լուսաբանելուն: Անկախ ժամանակներից՝ Քարդաշյանների մասին ցանկացած նյութ գերարագ տարածվում է համացանցում ու առաջատար դիրք զբաղեցնում ցանկացած լրատվամիջոցում կամ սոցիալական հարթակում։ Այսօր նա համարվում է ամենահայտնի կերպարներից մեկը: Ըստ Statistica-ի՝ Քարդաշյանն իր 314 միլիոն երկրպագուներով ութերորդ ամենաշատ հետևորդ ունեցող հանրային դեմքն է Instagram-ում և գերազանցում է այնպիսի ապրանքանիշների, ինչպիսիք են՝ Nike-ը, Amazon-ը և Apple-ը: 2015 թվականին նա եղել է ռեալիթի շոուի ամենաբարձր վարձատրվող մասնակիցներից մեկը՝ ընդհանուր 53 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտով։ Նույն տարում Time Magazine-ը Քարդաշյանին անվանել է 100 ամենաազդեցիկ անձանցից մեկը:
Այնուամենայնիվ, այս հանրաճանաչ անունը բավականին հակասական կերպար է՝ հատկապես հայ հասարակության մեջ: Թեև նա հայերի համար ապահովում է այդքան անհրաժեշտ լրատվական ներկայությունը, այդուհանդերձ, ոմանք կասկածի տակ են դնում այն փաստը, թե արդյո՞ք նա ստեղծում է ճիշտ ընկալում։ Ամեն դեպքում, «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up With the Kardashians) հեռուստաշոուի աստղը հայ է, ով կարողացել է իր մեծ համերաշխ ընտանիքը, իր թուխ մաշկն ու դիմագծերը և մարմնի տեսակը կատարյալ գեղեցկության չափանիշի և ընտանիքի օրինակելի մոդելի վերածել. մի բան, որն այնքան էլ հեշտ չէ անել մի ժամանակաշրջանում, երբ որպես գեղեցկության չափանիշ հիմնականում գովազդվում են անթերի կազմվածքով շիկահերները։

Մյուսներն այն կարծիքին են, որ «նրա անձնական կյանքի և նորաձևության վերաբերյալ վերջին հայտարարությունների շուրջ լրատվամիջոցների ցուցաբերած ուշադրությունը ստվերում են թողնում հայկական կամ այլ կարևոր հարցերի շուրջ ուշադրություն գրավելու նրա գործադրած ցանկացած ջանք»: Այնուամենայնիվ, սփյուռքում անցկացրած հարցման ժամանակ հարցվողներից մեկը նշեց, որ Քիմի վերջին ձեռքբերումները խոսում են նրա առաջխաղացման մասին որպես հասարակական գործչի և գործարար առաջնորդի: Մեկ այլ հարցվող նկատել է. «Նա ասաց, որ ցանկանում է իրավաբան դառնալ, ուսանեց Սան Ֆրանցիսկոյի իրավաբանական ընկերություններից մեկում, ապա պարապեց ու հանձնեց իրավագիտության առաջին կուրսի քննությունը: Նրան հրավիրեցին վարելու Saturday Night Live հաղորդումը, որը շատ զվարճալի էր: Նրա SKIMS հագուստի բրենդը հիասքանչ է»:
Մեկ ուրիշը նշել է, թե ինչպես է Քիմն օգտագործում իր հանրաճանաչ լինելու փաստը՝ հայկական հիմնախնդիրների շուրջ իրազեկությունը բարձրացնելու նպատակով: «Իրականում Հայոց ցեղասպանությունից կամ 2020 թվականին Արցախյան պատերազմից խոսելն իր բրենդի և բիզնեսի համար այնքան էլ շահավետ չէ։ Այն ինչ նա անում է ակնհայտորեն բխում է նրա էթնիկ ծագման հանդեպ տածած հպարտությունից»։
Ավելի հատկանշական է այն, որ հարցմանը մասնակցած անձանց մեծամասնությունը նրա արտաքին տեսքը համարում են ոգեշնչող, իսկ 61.3%-ը կարծում է, որ Քիմ Քարդաշյանը լավագույնս ներկայացնում է իրենց սեփական մարմնի տեսակն ու հատկանիշները: Ավելին, 66.7%-ը նշել է, որ տարիների ընթացքում Քիմ Քարդաշյանի կերպարը փոխել է մարմնի կազմվածքի վերաբերյալ իրենց սեփական պատկերացումները: Մի խումբ այլ հարցվողներ հավատում են, որ նա կորություններով մարմնի կազմվածքը նորաձև է դարձնում. «Նա Միջին Արևելքի արտաքին ունեցող և գիրուկ կանանց շրջանում փոխում է գեղեցկության չափանիշները»:
Իրականում Հայոց ցեղասպանությունից կամ 2020 թվականին Արցախյան պատերազմից խոսելն իր բրենդի և բիզնեսի համար այնքան էլ շահավետ չէ։ Այն ինչ նա անում է ակնհայտորեն բխում է նրա էթնիկ ծագման հանդեպ տածած հպարտությունից։
Անհերքելի է այն փաստը, որ ժամանակակից լրագրության պատմության մեջ առաջին անգամ ի դեմս համաշխարհային աստղի հայերն ունեն մշտական ներկայացվածություն մեկի կողմից, ով կիսվում է իր արմատներով և կրողն է հայկական կարծրատիպային ֆիզիկական առանձնահատկությունների, միայն թե ավելի կատարելագործված տարբերակով: Մի անանուն հարցվող լավագույնս ներկայացրեց իրավիճակը. «Լրատվամիջոցներում հայ կանայք այնքան քիչ են ներկայացված, որ անարդար է այդ ամենի բեռը բարդել միայն մեկ կնոջ վրա»:

Լրատվամիջոցներում կանանց ներկայացնելու ձևը ոչ միշտ է իրականությանը մոտ լինում, և Քիմը բացառություն չէ, սակայն նա հիացմունքի արժանի շատ հատկանիշներ ունի, ինչպես օրինակ՝ նրա ինքնատիրապետումը, եռանդը, խելքը: Հարցվողներից միջին տարիքի մի կին նշել է, - «Նա հզոր կին է, և այն փաստը, որ նա հայ է և հպարտանում է դրանով, հիացմունքի է արժանի»:
Քարդաշյանը շարունակում է բարձունքներ նվաճել: 2022 թվականին Forbes ամսագրի տվյալների համաձայն՝ նրա SKIMS կանացի հագուստի բրենդի ֆինանսական արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ վերջերս իրականացրած դրամահավաքի արդյունքում 240 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրելուց հետո: Նրա «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի վերջին սեզոնը գերազանցել է Hulu-ի հեռարձակումների բոլոր ռեկորդները: Նրա անունն անգամ կիրառվում է որպես գիտական ցուցանիշ՝ սոցիալական լրատվամիջոցներում պրոֆիլների հակասության չափման միավոր, որը հայտնի է որպես «Քարդաշյանների ինդեքս» (հեղինակ՝ Նեյլ Հոլ, 2014): Չնայած իր բրենդի շուրջ ստեղծված հակասություններին՝ նրա շարունակական ազդեցությունն ու հեղինակությունը հանրային ասպարեզում միայն շարունակում են աճել: Երկու երեխաների մայր, ամերիկահայ մի կին նշել է. «Քիմ Քարդաշյանի շնորհիվ իմ երեխաները և աշխարհով մեկ սփռված շատ ուրիշ հայ երեխաներ երբեք ստիպված չեն լինի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է հայը»: