Հիմնադրության առաջին իսկ օրվանից ՀԲԸՄ-ն հանձնառու է եղել Հայաստանի զարգացման ու բարգավաճման նպատակների իրականացմանը: Թե՛ ողբերգության և թե՛ հաղթանակների ժամանակներում միությունը մշտապես եղել է առաջամարտիկ ազգի զարգացման ու հզորացման նախաձեռնություններում:
Ավելի քան մեկ դար ՀԲԸՄ-ն ծանրակշիռ ներկայություն է ունեցել հայ համայնքներում, հարափոփոխ իրականության պայմաններում շարունակել հարմարվել ու բացահայտել կարիքների բազմազանությունը: Ավելին` շնորհիվ համայն հայության շրջանում մեր եզակի դիրքին, կարողացել ենք ներգրավել Սփյուռքը որպես փորձառության ու համագործակցության աղբյուր` փոխանակման հնարավորություններ ստեղծելով սերունդների միջև:
Հաշվի առնելով մեր բարի համբավն ու միջազգային ցանցը` ՀԲԸՄ-ն մեկնարկային ծրագրեր իրականացնելիս ռազմավարական համագործակցություններ է մշակել բազմաթիվ կառավարական և ոչ կառավարական գործակալությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկն ու Եվրոպական միությունը, ինչպես նաև կազմակերպել ամենատարբեր միջոցառումներ Հայաստանում։
ՀԲԸՄ Հայաստանը ողջունում է ձեզ ու հրավիրում ծանոթանալու մեր գործունեությանն ու առաջարկներին: Հայաստան կատարած այցի ընթացքում այցելե՛ք մեր գրասենյակ, մասնակցե՛ք կամավոր աշխատանքի կամ աջակցե՛ք մեր ջանքերին: Հավելյալ հարցերի դեպքում կապ հաստատե՛ք մեզ հետ՝ armenia@agbu.org:
Մենք հյուրընկալում ենք բազմաթիվ միջոցառումներ, ներկայացնում նոր տաղանդներ, կազմակերպում կարևոր քննարկումներ և միջազգային ֆորումներ, աջակցում փառատոնների:
Լուսանկար. 15 ապրիլի, 1906թ.
ՀԲԸՄ-ն հիմնադրվել է բարձր հեղինակության տեր և տեսլական ունեցող առաջնորդների և ականավոր ազգային գործիչների կողմից, ովքեր միությունը ստեղծել են ծառայելու հայության բարորության օգտին: 1906 թ. ապրիլի 15-ին Կահիրեում հիմնադրված ՀԲԸՄ-ն իր երկարամյա առաքելությունն սկսեց Պողոս Նուբարի ու Երվանդ Աղաթոնի ղեկավարությամբ, ովքեր միավորվելով ձևավորեցին ամբողջատիրական վարչակարգերի բռնակալությունից զերծ հայկական մի նոր տիպի կազմակերպություն, որը նպաստելու էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կայուն սոցիալ-տնտեսական և կրթական զարգացմանը:
Առաջին երկու տարիներին ՀԲԸՄ-ն ձևավորեց աջակցող նվիրատուների լայն ցանց՝ Ադիս Աբեբաից, Ռանգունից, Լոնդոնից և Կալկաթայից: Այս հավաքական աջակցությամբ ՀԲԸՄ-ն կարողացավ օգնություն ուղարկել Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերին:
Հիմնադրությունից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն օգնություն հասցրեց Վանի, Մուշի, Ակնի և Բաղեշի երկրաշարժից ու երաշտից տուժած հայերին։ 1907թ.-ին, իր հիմնադրումից անմիջապես հետո, ՀԲԸՄ-ն սննդեղեն և սերմնացու տրամադրեց սովահար Երևանի ընտանիքներին:
Առաջին տասնամյակում ՀԲԸՄ-ն կենտրոնանում էր կայսրության ողջ տարածքում ապրող հայերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման վրա՝ մանավանդ կրթական ու գյուղատնտեսական ոլորտներում: Միայն 1910թ.-ին, ՀԲԸՄ-ն հովանավորում էր շուրջ 30 դպրոց, մյուս կողմից հողագործներին տրամադրում էր լծկան անասուններ, սերմնացու և երկրագործական սարքեր:
Օսմանյան հալածանքների պատճառով մինչև 1915 թուականն ընդամենը երկու դպրոց էր մնացել, իսկ քաղաքներում և գյուղերում մի քանի հայ գյուղացիներ էին կարողացել գոյատևել:
Լուսանկար. ՀԲԸՄ մասնաճյուղերը Օսմանյան կայսրությունում (1909-1911):
Խորաթափանցորեն մշակված կանոնադրության շնորհիվ ՀԲԸՄ-ն ազատորեն գործում էր Օսմանյան կայսրությունում: ՀԲԸՄ-ի հիմնադիրները միակարծիք էին, որ կազմակերպությունը չի զբաղվելու քաղաքականությամբ, այլ հետապնդելու է զուտ բարեսիրական նպատակներ: Որդեգրված այս սկզբունքն անհրաժեշտ էր Օսմանյան կայսրության տարածքում գործունեություն ծավալելու համար:
Օսմանյան կառավարությունը 1910 թ. մարտի 3-ին հաստատեց միության կանոնադրությունը, ինչը թույլ էր տալիս կազմակերպությանը հոգալ ժողովուրդի կարիքները: Իրականում, հեռատեսությունը թույլ տվեց ՀԲԸՄ-ին օրինական կերպով հիմնել տասնյակ գործուն մասնաճյուղեր ամբողջ կայսրության տարածքում:
Լուսանկար. Սիսվանի դպրոցի տարրական դասարանների երեխաները:
Հայոց ցեղասպանության հետևանքներից էր բազմաթիվ երկրներ և մայրցամաքներ ընդգրկող գաղթականությունը: ՀԲԸՄ-ն տասնյակ հազարավոր վերապրածների կարիքներն էր հոգում: Կազմակերպությունը հիմնել է որբանոցներ, դպրոցներ և արհեստանոցներ՝ օգնելու տեղահանված հայերին վերականգնել իրենց կյանքը: Օրինակներից մեկը փրկված մուսալեռցիների համար Պորտ Սաիդի մոտակայքում հիմնված վրանաքաղաքն էր: Այդ վրանաքաղաքում էին ապրում 1260 երեխաներ, որոնց համար բացվեց Սիսուան/Սիսվան դպրոցը, որն ապրուստ և կրթություն ապահովեց ավելի քան 3000 երեխաների: Այդ դպրոցը հետագայում վերածվեց արհեստագործական ուսումնարանի: Անմիջական ճգնաժամին դիմակայելու ու մարդասիրական օգնություն նախաձեռնելու վերոհիշյալ օրինակը, որին հաջորդելու էին ՀԲԸՄ-ի գաղթախնամ ու որբախնամ երկարաժամկետ գործունեության բազում նախաձեռնություններ, շարունակվելով ավելի քան մեկ դար և առ այսօր, հանդիսացավ ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելության հիմնաքարը:
Լուսանկար. 1931 թ. դեկտեմբեր. Պիրեայի Մելքոնյան վարժարանի շրջանավարտներն Հայաստան ուղևորվելիս:
Ձգտելով ստեղծել մշտական համայնքներ, որտեղ հայերը կարող էին վերականգնել իրենց կյանքն ու կառուցել ապագան, Խ. Հայաստանը հայտնվեց միջոցների ներդրման նախընտրելի տարբերակ: Խորհրդային Հայաստանի պաշտոնյաների կողմից 1923 թ. ընդունված որոշմամբ, ՀԲԸՄ-ն դարձավ միակ համահայկական բարեսիրական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել երկրում: ՀԲԸՄ-ն լծվեց տիպար ֆերմաների ու գյուղատնտեսական դպրոցների կառուցման, ինչպես նաև որբերին հայրենիք տեղափոխման գործունեության։ Տնտեսական տխուր իրավիճակի ու սովի հաղթահարման համար ՀԲԸՄ-ն նախաձեռնեց դեղորայքի, սննդեղենի և հագուստեղենի մատակարարումներ: Հաջորդ 14 տարիներին ՀԲԸՄ-ն աջակցեց ենթակառուցվածքների ստեղծմանը, գյուղական վայրերի զարգացմանն ու որբերին կրթության ու խնամքի ապահովմանը:
Ցեղասպանությունից փրկվածներին Հայաստան տեղափոխելու նպատակով, ՀԲԸՄ-ի ջանքերով Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից հայրենադարձվեցին շուրջ 17000 գաղթականներ: ՀԲԸՄ-ն կենսական դեր խաղաց Կոմիտաս վարդապետի աճյունները Հայաստան տեղափոխելու գործում։
Լուսանկար. Մարի Նուբար ակնաբուժարանը.
Հանրային առողջությունը զարգացնելու ու կյանքի որակը բարելավելու նպատակով ՀԲԸՄ բարերարները միջոցներ հայթայթեցին առողջապահական հաստատությունների հիմնման նպատակով: Կարճ ժամանակում ՀԲԸՄ-ն հիմնեց Դարուհի Հակոբյան ծննդատունը (ներառյալ մանկաբարձների դպրոցը) և Մարի Նուբար ակնաբուժարանը։
In addition this era saw the building of multiple village schools in Plker (Shenavan) and Shiragala (Vertenud) and set up model farms and an agriculture training school in Mersen.
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: